Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/373

Այս էջը հաստատված է

աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները՝ թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՜-աս... երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя...»: Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ՝ արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի գլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...

4

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ՝ Գորիսի շուկան էր։

Գորիսի շուկան...

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան՝ յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ՝ հազար, տասը հազար մարդ,– մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,– և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղով բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,– և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը՝ «Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ...», կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մատթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր