Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/375

Այս էջը հաստատված է

Նա հնագույն կյորեսեցի էր և նրա ասելով Ղաթրինի Աղալոյի մահից հետո Կյորեսում ապրելը հարամ էր։ Նրա կարծիքով առհասարակ մարդ-օլանը քանի գնում ժեռանում էր, այսինքն փոքրանում և վայրենանում էր... Մարդ՝ առաջվա մարդն էր, ոսկորը հաստ և զորեղ։ Մարդ էր Ղաթրինի Աղալոն, մարդ էր Ցուլ Օհանը, որի ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին։ Եվ նա պատմում էր Ցուլաքարի և Ցուլ Օհանի մասին, որ և մենք կպատմենք, լսած լինելով ջրաղացպանից,—որովհետև՝ այդ վերջին ջրաղացից մինչև քաղաք ուրիշ նշանավոր բան չկա և երկրորդ՝ մի անգամ լսած լինելով այդ պատմությունը, չի կարելի չվերհիշել,— երբ դեպք է լինում անցնել Կյորեսի վերջին ջրաղացի կողքով։

Վաղ ժամանակ Շենում՝ հին Կյորեսում ապրել է մի մարդ, անունն Օհան։ Այն ժամանակ Շենն այժմվա ձորերում չէր, այլ ավելի հյուսիս, այնտեղ, ուր ձորի մեջ երևում է մի կոտրած վանք, որի ճակատաքարին դեռևս կարդացվում է, «թիւ ՌԺԴ... Ես Մելիք էգան կառու(ցի)...»։ Այդ ձորի գյուղում ապրել է Օհանը, որ կոչվել է Ցուլ, նախ որ նրա ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին և ապա նույնիսկ երեցկինը նրանից հանգիստ չուներ։ Եվ մի պատարագի երեցին հայտնում են, որ Ցուլ Օհանը քշել է վերին թաղի կողմը։ Քահանան շուրջառն ուսին, ինչպես պատարագում էր, թռչում է դեպի տուն և ձեռքն առնելով բահի կոթը՝ վազում է։ Նրա հետևից վազում են վերի թաղի մարդիկ, որոնց կանանց նույնպես չարչարել էր Ցուլ Օհանը։ Քահանայի տնից նրանց դեմ է դուրս գալիս Ցուլ Օհանը, գրկի մեջ երեցկինը, որի կիսամերկ մեջքը դեպի քահանան էր։ Այդ տեսնելով, երեցը բացականչում է․ «Ցուլ Օհանի բահի կոթն իմից զորեղ է, ժողովուրդ, և քանի այդպես լինի, աշխարհում շատ մարդու կին իմ կնոջ նման կնստի՛...»։ Երեցը շուրջառը գետնին է գցում, հեռանում է գյուղից։ Այլևս նրան չեն տեսնում։ Իսկ Ցուլ Օհանն ապրում է շատ տարիներ և այդ տարիներում, երբ դղրդար նրա ձայնը, կանայք անհանգստանում էին՝ նույնիսկ իրենց ամուսինների գրկում։

Նրան միայն ծերությունը հաղթեց։ Բայց նույնիսկ օր ծերության, երբ աչքերը պարզ չէին տեսնում և քայլելու ուժ չուներ, Ցուլ Օհանը չէր մոռանում կանանց։ Իրենց տան առաջ նա ցցել էր մի քար, աղբյուրի ճիշտ դեմը։ Երբ կանայք աղբյուրն էին գալիս կամ աղբյուրի ջրում լվանում էին ցորեն, բուրդ, Ցուլ Օհանը պառավ գայլի նման քարանձավից դուրս էր գալիս և քարի գլխից նայում էր աղբյուրի կանանց, որոնք բարձրացնում էին կուժը և օրորվելով գնում, ոտքերը մերկ մտնում էին ջուրը և թևերը քաշած ցորեն էին լվանում։ Ասում են քարի գլխից Ցուլ Օհանը