Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/377

Այս էջը հաստատված է

զարդարում էին հին շուկան։ Միակ ճոթավաճառը Մանգասար դային էր... Նրա խանութի նման երկրորդը չկար ամբողջ Գորիսում և կարծես Մանգասար դային խանութն այդպես պահել էր, որպեսզի ցույց տա, թե ինչպես էին ճոթի խանութները Աղա Մամմադ խանի ժամանակ։ Կամարակապ թաղբանդի հատակը ծածկված էր գորգերով։ Գունագեղ կտորները դարսված էին իրար վրա՝ մինչև առաստաղը։ Ինքը՝ Մանգասար դային, նստում էր գորգի վրա՝ մի ծունկը ցցած... Գալիս էր մի մուշտարի, նստում էր նրա կողքին, և նրանք զրուցում էին։ Ապա մուշտարին հարցնում էր ղանավուզ արխալուղացուի գինը։ Մանգասար դային չէր շտապում.

– Կտամ է՜, կտամ տանես... Վերջին թոփն է, տար հագի։ Մանգասար դային որ մեռնի, էլ պրծավ ղանավուզը, թռա՜վ թիրմահին,– և զրույցը շարունակում էին։

Այդ հին շուկայում կային և մի քանի խանութներ, որոնք ցուցանակ ունեին, ինչպես իսկական շուկայի խանութները, բայց ներսը դարակները դատարկ էին, եթե չհաշվենք ճրագի յոթանոց ապակիները և ծղոտների մեջ, ղազանի սապոն, մի երկու կապ պարան և այդ ամենը թանձր փոշու մեջ, որ նշան էր, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել: Բայց խանութները ցուցանակ ունեին. նրանցից մեկի վրա ռուսերեն գրված էր՝ «Մանրուքի խանութ թեյ շաքար Ակոբ Ապինցև» և ինքը՝ Ափունց Ակու-ամին առավոտ կանուխ խանութը բաց էր անում, ինչպես մյուսները, բարի լույս էր տալիս հարևաններին և անցնում դախլի գլուխը, ինչպես մյուս խանութպանները։

Ափունց Ակու-ամին վաղուց էր մոռացել ղազանի սապոնի և ճրագի յոթանոց ապակիների առքի գինը։ Նա ապրում էր այն նամակներով և ծանրոցներով, որ օտարության տեղից հայրենիք էին ուղարկում ձորկեցիները։ Յուրաքանչյուր փոստի Ակու-ամին իր դրացուն խնդրում էր «աչքը խանութի վրա պահել», ինչպես առաջ, երբ Ակու-ամին գնում էր խոջա Բաղիրի մաղազայում մազանդա իմանալու... Ակու-ամին գնում էր փոստը և ստանում նամակների և դրամական ծանուցագրերի մի կապ, ապա վերադառնում էր խանութը և աչքի էր անցկացնում հասցեները.– «Գորիս քաղաք մանրուքի խանութ Ակոբ Ապինցևին» ռուսերեն և տակը՝ ծրարի վրա, հայերեն՝ «Ակու-դայի նամակս շուտ հասացնես մեր գյուղը իմ հայր Առաքել Գիչունցին» («Երևի խեղճի ականջով դիպել է Առաքելի մեռնելը»,– ասում էր Ակու-ամին, վերցնելով մի ուրիշ ծրար)։ «Նամակս հասնի ի ձեռն Վարդազարի Տերակուփին ի գյուղն Ձորեկ» («Երեկ հենց Վարդազարն էստեղ էր...»)։ «Շատ բարևս կհիշեմ քեզ