Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/379

Այս էջը հաստատված է
5

Այլ էր իսկական շուկան՝ Գորիսի սիրտը։

Նազար բեյի տնից մինչև դավթարխանան, այնտեղից ուղիղ գծով մինչև Մատթևոս բեյի տունը, ապա մինչև դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին,–մի կատարյալ քաղաք էր, փոքր Մոսկվա, ինչպես ասել էր քաղաքագլուխը մի խնջույքի,– Այսրկովկասի Հայդելբերգը,– ըստ բժիշկ Տիգրան Պետոիչի («բժիշկ Տիկուշ»),– որը նույնպես քաղաքի զարդն էր, ինչպես «Սասուն» տպարանը, լիմոնադի գործարանը, ինչպես Սպիտակ բանտը և ռուսաց եկեղեցին։

Այդպես էին քաղաքի հռչակավոր վաճառատները, ինչպես, օրինակ՝ Կիզիրինի մագազինը («Նադեժդա»), ֆրանսիական ապրանքների մագազինը, «Դրուժբա» ընկերությունը, Ավագիմովների վաճառատունը և Պասաժը՝ նորագույն շուկան, ակնեղենի և գոհարեղենի խանութներով։ Իրար հետևից ձգվում էին հարյուրավոր խանութներ միայն ռուսական մանուֆակտուրայի, ապա գալիս էին մանրուքի խանութներ, այնպես ճոխ զարդարված, որ մինչև անգամ խանութի դռներից կախված էին ժանյակներ, մետաքս թել, գույնզգույն երիզներ և ուլունքներ այնքան առատ, որ խանութի դուռը չէր երևում։ Շատ խանութների առաջ, հենց հրապարակում դարսված էին ապրանքի հակերը, որովհետև խանութները լիքն էին և լիքն էին պահեստները... Շուկայի բազմությունը խռնվում էր հարուստ խանութների առաջ, մոլորվում էին անցքերի լաբիրինթի մեջ, գնում էին հակերի կամարների տակով և հանկարծ դեմ էին առնում ավելի շքեղ խանութի։

Մի խանութի առաջ ռուսական ալյուրի բուրգեր են՝ այնքան բարձր, որ խանութից երևում է միայն գավառապետի դիվանի վերին հարկը։ Բուրգերի շուրջը խռնված մարդիկ մրջյունի մեծության և մրջյունի պես կրում են ալյուրը, որ թեև մի քիչ կծված է, բայց Ամբարի կատու Սողոմոնը, Ավագիմովների ավագ եղբայրը, երդվում է, որ ֆուրգոնները ջուրն են ընկել և ալյուրը մի քիչ խոնավացել է, «թե չէ ալյուրն իսկական Կուբան է և սա մեռնի, եթե վնասով չեմ ծախում»... Ամբարի կատուն ասում է «սա մեռնի» և ձեռքը խփում է մսոտ այտին։ Նա երդվում է, ըստ սովորության, ինչպես բոլոր վաճառականները, թեև կարող չերդվել, որովհետև գիտե, որ Սիսիանի, Տաթևի և Գորիսի մահալներում արտերը խանձվել են և հաց չկա։ Ամբարի կատուն այդ շատ լավ գիտե, ինչպես և լավ գիտե, որ յուրաքանչյուր փոթի մեջ ունի երեսուն կոպեկ մաքուր շահ։ Նրա գործակատարները կշռում են, վաճառում