Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/380

Այս էջը հաստատված է

են, իսկ ինքը դախլի գլխին առավոտից մինչև երեկո մատները խաղացնում է փողի մեջ։

– Քեզ թաղեմ, խնամի, եթե մի քոռ կոպեկ օգուտ ունեմ էս գործում... իմ օգուտս այ էն առաջին տեսակ ալյուրի մեջ է, որ չեն առնում,– խոսք է ասում մի մարդու, որն ուզում է խնամի Սողոմոնին առանձին տեսնել և ալյուրը ապառիկ խնդրել։ Ամբարի կատուն վաղուց է նկատել այդ, բայց ուշացնում է առանձին խոսելը և խոսում է նրանց հետ, որոնք դմակով են։ Նա և՛ դրամ է ընդունում, և՛ հաշվում է, և՛ խոսում է հաճախորդի հետ։

– Չե՞ս երևում, դայօղլի... վեց աբասի, վե՛ց աբասի երկու մանեթ, վեց աբասի, էս էլ մի վեց աբասի։ Կնունքն էլ մենակ կերար... վեց աբասի... Ա՜յ բարով, հազար բարի–... և Ամբարի կատուն ձեռքը մեկնում է զեյվեցի Իսաջանին,– որ սա էլ է եկել՝ ուրեմն Ղափանի մահալում էլ հաց չկա,– և գործակատարին կարգադրում է,– տաբուրետ տուր Իսաջանին... Ո՞նց ես, քեֆ հալ... Վեց աբասի, վեց աբասի...

Իսաջանը դեռ անտարբեր նայում է դախլի առաջ հավաքված մարդկանց, որոնք վճարում են ով երկու փութի, ով երեք, ով նույնիսկ մի փութի գին։

– Դու ես պահում էս հացապակաս ժողովրդին... Օրհնյալ լինես, Սողոմոն...– Ամբարի կատուն ժպտում է։

– Կարո՞ղ եմ չպահել, Իսաջան... Շան չարչարանք եմ քաշել, մինչի Արմավիրից ալյուրը բերել եմ... Տալի՞ս են որ։ Չեն տալիս, ասում են չկա։ Էնտեղ էլ պինդ սով է։ Բայց ի՞նչ արած․ որին խնդրելով, որին տեսնելով, մի կերպ հասցրել եմ էստեղ, թե ինչ է բարեկամներս կուշտ մնան։ Էն կանաչ մեռոնը վկա, որ վնասով եմ ծախում...

Ավագ գործակատարը քթի տակ ժպտում է։ Միայն նա գիտե, որ Ավագիմովները ալյուրը Կուբանից չեն բերել, այլ Շուշի քաղաքից և ջրի գնով գնել են կայազորի համբարակից, որը զորքի համար ստացել է նոր ալյուր... Միայն գործակատարը գիտե և քթի տակ ժպտում է։

Մանուֆակտուրայի խանութներից ելնում է լաստիկի, սատինի և գունավոր չիթերի բույր։ Ներսում հատակը, դիմացի պատը և երկար զաստոյկան պատած են հաստ գորգերով։ Դրանից է, որ այդ խանութներում ձայները խլանում են և նույնիսկ լեռնցի մարդիկ շշնջում են, ինչպես մեռելատանը։ Գորգերի վրա փափուկ աղմուկով փռում են կտորների հակերը, ապա մի թոփի ծայրից բռնելով ծաղկավոր շալը ծալ-ծալ նստում է և գույները ծփում են։ Լսվում է մկրատի զնգոց. «Շնորհավոր լինի, բարով մաշես...» և ուրիշ անկյունից է լսվում խուլ աղմուկը,