Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/381

Այս էջը հաստատված է


չիթ կտորի ծաղիկները մարմանդ փայլում են և նորից է ծփում գույների ծովը։

Ներսը կիսամութ է։ Արևի լույսը մինչև խորքը չի հասնում․ խորքում կապույտ ցոլքով վառվում է մի ճրագ, որից ավելի խորունկ է թվում ճոթի մաղազան։ Այնտեղ ինչ-որ դռնակ բացվում ու փակվում է։ Ձայներն իջնում են գետնի տակ, ձայները կորչում են և ապա նորից բարձրանում են խորքից։ Մաղազաների տակ խորունկ պահեստներ են, որտեղ գիշեր-ցերեկ մութ է։ Ի՜նչ գանձեր կան այնտեղ... Ահա հեռու անկյունից, որտեղ կապույտ ցոլքով վառվում է ճրագը, դեպի դուռն է գալիս գործակատարը, ուսին կտորների հակեր։ Հաճախորդներին այնպես է թվում, թե գետնի տակ մաղազայի չափ տասը մաղազա կա՝ խորունկ, շատ խորունկ, որտեղ զառ-ատլասները մթնում լույս են տալիս, ինչպես ոսկու շեղջեր։ Զրընգ-զրընգ ոսկին և արծաթը և պղինձը կաթկթում են դրամարկղի մեջ, թղթադրամը խշխշում է, ինչպես ծաղկավոր չիթը։

– Դրեի չորս չարեք... իսկական Ցինդելի՝ արջանշան։ Սրանից լավ վերմակի երես կլինի։ Ուզո՞ւմ ես բութա-մախմուր տամ,– և բաց է անում թավիշը՝ կանաչ-ոսկեգույն, նշաձև պուտերով։ Մի այլ գործակատար ձեռքին խաղացնում է պարսկական թաշկինակների փունջը։ Ի՜նչպես են խշխշում, ի՜նչ նախշ, ի՜նչ բույր։ Մի հաճախորդ, որ հարսանիք ունի, գնել է ինչ որ տանը պատվիրել են և դեռևս նայում է դարակներին՝ չի՞ մոռացել ոչինչ, իր պառավ մոր համար արդյոք չգնի՞ այն սև շալը, թե մայրը հին շալը մինչև մահ հազիվ մաշի...

Գործակատարի աչքից վրիպում է նրա տարակուսանքը։ Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը, մաղազայի տերը, անվանի խոջա-Մակիչը: Նա բրդի նախշուն գուլպաներով է, ինչպես տանը, քայլում է՝ ասես ման է գալիս իր պարտեզում։

– Անխիղճ, էսքան ապրանք որ ծախել ես, ինչո՞ւ մի վարդ թաշկինակ չես նվիրել,– գործակատարին հանդիմանում է խոջան։ Հաճախորդները ետ են քաշվում։ Խոջա-Մակիչը գործակատարի ձեռքից խլում է թաշկինակների փունջը։

– Էս էլ իմ խալաթը... Ուրախ ժամի լինի,– և նա, որ հարսանիքի համար ամեն ինչ գնել էր, ընդունում է նվերը, խոջա-Մակիչին և նրա ձեռ-ոտի մարդկանց հրավիրում է հարսանիք,– պառավ մոր համար գնում է սև շալը, նաև ուրիշ ապրանք, խոջա-Մակիչի նիսիայի դավթարում իր անվան դիմաց թողնելով մի թեթև պարտք:

– Հազար անգամ ասել եմ մի թողնեք մուշտարին դատարկ ձեռքով