Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/384

Այս էջը հաստատված է


հետ սարից իջել են, անհանգիստ են, երբ օտար մարդիկ քշում են ոչխարը և տերը նրանց չի կանչում՝ «Չամբար քուս, Ալաբաշ հասի»,– այլ բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ է բարձրացնում։ Շները լռում են և գլուխը կախ միտք են անում, թե ի՞նչ կատարվեց, որ տերը իրենց վրա մահակ բարձրացրեց, այնինչ ուրիշները ոչխարը քշեցին։

Մի այլ անկյունում ձիերը վրնջում են և նրանց հետ զիլ և արծաթահնչյուն վրնջում են քուռակները... Շո՞գ է, ծարա՞վ են, նրանց ճնշում է բազմության աղմուկը, անհանգիստ են այն խորթ ձեռքերից, որ ահա քանի անգամ բաց արին ձիու բերանը,– թե՞ նրանք կարոտել են լեռնային արոտները, որտեղ փռփռում է խոտը և ոչ սանձ կար, ոչ այսքան մարդ։

Հրապարակում կլանչում է մի շուն, կով է բառաչում, մարդիկ բարձրագոչ աղաղակում են հայերեն, թուրքերեն, ժխորը հետզհետե սաստկանում է, ժխորը հասնում է մինչև Մեղրաքերծ և ժխորին խառնվում է զինվորական փողը, որ հնչում է զորանոցի կողմից... Երբեմն հանկարծ լռում են, ինչպես ճնճղուկների երամը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ստվերը։ Ձիավոր ոստիկանների գլուխն անցած, հրապարակը ճեղքելով սլանում է գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյը... Ավազակները սարից նախի՞ր են քշել, մա՞րդ են սպանել, հարձակվե՞լ են փոստի վրա, թե՞ ուրիշ դեպք է եղել,– դեռ ոչ ոք չգիտե և ժողովուրդը ճանապարհ է տալիս. «Խուրշուդ բեյը Բարկուշատ գնաց»,– ասում են իրար և բոլորը հասկանում են, որ այն կողմերում «բան կա»...

Երբեմն շուկայի հրապարակով անցնում էր Պենզայի 686-րդ դրուժինայի ջոկատը՝ թմբուկի սուր կտկտոցով, բահերի ու զենքերի զրնգոցով... Առջևից գնում էր երիտասարդ սպան, որ դիտմամբ ծռել էր ճանապարհը, որովհետև ձանձրալի էր անցնել Գորիս քաղաքի խուլ փողոցներով։

Ջոկատը վերադառնում էր զինվորական վարժությունից․ կամ երևում էր բանտարկյալների խումբը գորշ խալաթներով, ոտներին շղթա (նրանց տանում էին հող փորելու) կամ սլանում էր Ավթանդիլ Խուրշուդ բեյը՝ հետևից ձիավորները,– հրապարակում աղմուկը դադարում էր, ինչպես ճնճղուկների ծվծվոցը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ահարկու ստվերը։

Այդ ժխորից՝ մարդկանց և անասունների կանչերից ազատ էր Պասաժը։ Այնտեղ ազնիվ լռություն էր։ Այնտեղ ամեն ինչ ազնվացեղ էր և առաջին պրոբի։ Ակնեղենի և գոհարեղենի խանութների կողքին կային խմիչքի և նպարեղենի մեծ խանութներ, որտեղ չէին վաճառում ոչ տեղական