Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/385

Այս էջը հաստատված է

գինի և ոչ տեղական ձուկ, այլ վաճառում էին ֆրանսիական լիկյորներ, Հավանայի սիգար, Հռենոսի գինի և այսպիսի կոլոնիալ ապրանքներ, որոնց գնորդները բեյերն էին և չինովնիկ մեծամեծները, նաև ռուս քահանան, որի մասին ժամհար Պարսեղը լուր էր տարածել, թե նա եփած խխունջ է ուտում։

Երբեմն մի լեռնցի կամ քոչվոր մի թուրք մոլորված մտնում էր այդ խանութներից մեկնումեկը, օրինակ Կուր դը բեժա, որ Պասաժի հարուստ խանութներից էր.– «Բաշլըղ ունի՞ս, քիրվա»,– և հովիվը շշմած նայում էր շողշողուն դարակներին։– «Ա՜յ, էնտեղ կա...»– Կուր դը բեժայից ցույց էին տալիս ժամագործ Սանդրոյի խանութը.– «Էնտեղ լավ բաշլըղ կա, լավ ծամոն կա, էշի փալան էլ կա»։

Պասաժի վաճառականները բուխարա փափախ չէին ծածկում, ինչպես բուն շուկայի առևտրականները, որոնց ժողովուրդը վաղեմի սովորությամբ անվանում էր խոջա։ Պասաժում մահուդ չուխա չէին հագնում, այլ կոստյում և ծածկում էին շլյապա, իսկ Եփրատ Երեմը խանութ էր մտնում սպիտակ ձեռնոցներով և այնպես անթերի հագնված, որ Լյուդմիլա Լվովնան, գավառային նոտարի կինը, ամուսնուն հանդիմանում էր, օրինակ բերելով Եփրատ Երեմին։ Պասաժում ամեն ինչ ազնիվ էր և ազնվացեղ. այնտեղ ռուսերեն էին խոսում և նույնիսկ հայոց կոնսիստորիայի քարտուղարը, որ ռուսերեն չգիտեր, Պասաժի կողքով անցնելիս խոսում էր այդ լեզվով։

Երբեմն խոջաներից մեկն այցելում էր Պասաժի խանութը, որի տերը նրա որդին էր, նոր վաճառականը, հին վաճառականի ոսկե ճյուղը։ Խոջան նստում էր վենսկի աթոռի վրա, որ նրան մատուցում էր որդին.– «Ապեր, լիկյոր բաց անե՞մ...»։ Ապերը լուռ նայում էր դարակներին՝ անհայտ, անծանոթ իրերին։

– Ա՜յ տղա, էն զիզի-բիզի բաներն ի՞նչ են,– և խոջան մահակը մեկնում էր դեպի Ժորժ Բորմանի շոկոլադները։

– Ապեր, շոկոլադ են... էս էլ Դեզի կանֆետ է, էս էլ Դվարժօղլու հալվա է Ադեսից,– և որդին արծաթե պատառաքաղով մեկնում էր մի կտոր Դվարժօղլու հալվա։

– Հալվան ի՞նչ է, նրա տված օգուտն ի՞նչ լինի,– ապերը վերադարձնում էր հալվայի կտորը.– ղանավուզ կտոր լիներ, Իրանի զադաք լիներ հա՜... Կանփետ ծախելով մարդ չես դառնա, ա՜յ որդի...

Բայց այդ խոսքին ներս էին մտնում Լյուդմիլա Լվովնան և բժիշկ Տիգրան Պետոիչի կինը՝ Սառա Կասպարովնան, նաև մի փոքրիկ շնիկ՝ կապույտ ժապավենով։ Ապերը զարմացած նայում էր շնիկին։