Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/386

Այս էջը հաստատված է


– Փառքդ շատ, աստված... սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է...

Շնիկն սկսում էր հոտոտել կոնֆետի թղթերը՝ վազվզելով խանութում, ապա հաչում էր մի տղայի վրա, որ դրսից պատուհանով ո՞վ գիտի ինչու նայում էր խանութին։

– Պուշոկ, նե սմե՛յ, Պուշոկ... Երեմ Նիկիտիչ, խավիարը հիանալի էր...

Խոջան զարմացած նայում էր տիկիններին, նրանք բուրում էին ինչպես խանութը և նրանցից յուրաքանչյուրը մի ոսկեզառ կոնֆետ էր։– «Երեմ Նիկիտիչ...» և խոջան ինքն իրեն մի քանի անգամ կրկնում էր. «Ուրեմն խոջա-Մակիչը, Մուգումին Մկրտիչը դառավ Նիկիտ... Քեզ փա՜ռք աստված...»։ Եվ աթոռի վրա խոջան ննջում էր, ու նրան օրորում էին կանանց և յուր որդու կչկչան ձայները։

Այդպես էր Պասաժը, Գորիսի բուն շուկայի ոսկե զարդը։

Բայց և այնպես նա բուն շուկայի ճյուղն էր, ինչպես հին շուկան ներկարարների, համետ կարողների և պայտարների գետնահարկ խանութներով հին շուկան արմատն էր, արդեն զառամյալ արմատը, որ այնուամենայնիվ կապված էր բունի հետ։ Եվ այսպիսով նավթի պահեստներից մինչև Մատթևոս բեյի տունը, այնտեղից դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին՝ մի ամբողջություն էր, մի ամբողջական շուկա, որ կենտրոնն էր Զանգեզուր ընդարձակ գավառի՝ Սևանա լճից հարավ, մինչև Արաքս։

6

Բացվում է առավոտը։

Ձորերի մթնում հազիվ է նշմարվում Շենը։ Բարակ ծուխը խառնվել է գիշերվա մշուշին և չեն երևում ոչ քարափոր տները, ոչ Կյորեսի հին եկեղեցին, այլ միայն նշմարվում են ժայռերի կատարները մշուշի մեջ։ Իսկ քաղաքում արև է... Տների թիթեղյա կտուրները ցոլցլում են, գոյացնելով կաթնագույն լույսի ծով, որի մեջ, ինչպես դեղին յուղագունդ, լողում է ռուսաց եկեղեցու ոսկե գմբեթը։

Հետզհետե զարթնում է Գորիսը։

Մսավաճառներն առաջինն են բացում խանութները։ Ահագին կեռերից գլխիվայր կախված են եզներ և ոչխարներ, որոնք դեռ երեկ մայում էին։ Արևն ընկնում է նրանց կարմիր մսերին և ահագին դմակները, ինչպես պղնձե վահաններ, արևի ցոլքը նետում են դեռ քնած տների վրա։ Խանութի հատակին ընկած են եզների գլուխներ՝ վիթխարի եղջյուրներով։