Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/387

Այս էջը հաստատված է

Մեկի շնչափողից կաթկթում է արյունը։ Մի ոչխարի գլուխ՝ սառած աչքերով զարմացած նայում է արևին։ Եզան կճղակի մեջ դեռ կանաչ է խնձորախոտի տերևը։

Ահա գալիս են առաջին գնորդները, որոնք միս չեն առնում, այլ փորոտիք, աղիքներ, ոտքեր և գլուխ։ Շուկայի պահակ Կետանը խսիրի մեջ փաթաթում է մի գլուխ և ութ ոտք: Մսավաճառ Պետրուսը նրանից դրամ չի վերցնում, այլ միայն Կետանին պատվիրում է ցերեկով իրենց այգին ջրել: Գալիս է խարչևնի պահող Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկի «կես պորցի» բոզբաշ են ուտում Ամիր Աստանը, սալդաթ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, քարահունջեցի Ճաղար Պետին և այս կարգի մարդիկ, որոնք գիշերում էին կիսավերակ քարանձավներում, խոտի դեզերի մեջ, բուլվարի ցանկապատի տակ։ Գալիս է Թևատորոսը և յուր ճաշարանի համար շալակած տանում է ճարպի կտորներ, աղիք և եզան գլուխ։

Մսավաճառների խանութների առաջ գլխահակ շրջում են շները, որոնք դեռ գիշերն են զգացել թարմ մսի հոտ և անհանգիստ խլրտացել են մսի խանութների շուրջը։ Շները գլուխը կախ ման են գալիս, կարծես նրանք ինչ-որ լուրջ բանի են, ինչպես Սպիտակ բանտի պահապանները, որոնք գիշեր-ցերեկ պարիսպների վրա գնում գալիս են։ Շներից ոչ մեկը չի հանդգնում մոտենալ մսի խանութներին։ Շները հին են, ինչպես Գորիսում հին է «դավթարխանան»։ Նրանք սեփական կողերի վրա փորձել են, որ եթե մոտենան մսավաճառների խանութներին, ղասաբ Պետրուսը կարող է նրանց գլխով զարկել տասը գրվանքանոց կշռաքարը, քիթը մեծ Իվանը կշպրտի մեծ դանակը, իսկ Դանգա-Բուռուն Ասրին իր երկար ոտքով շանն այնպես կխփի, որ շունը երեք անգամ օդի մեջ կպտտվի և այլևս երբեք չի պտտվի։ Շներն այդ լավ գիտեն և դրա համար հեռու են շրջում և կամ չեն շրջում, այլ սովից լիզում են իրենց ոտքը կամ կլափելով բերանը՝ ճանճ են որսում, այն ուռած ճանճերը, որ մինչև անգամ դավթարխանայից առավոտները հավաքվում են մսի խանութների վրա... Միայն երկու շուն հեռվից հեռու, ինչպես հուղարկավոր, հետևում են խարչևնի Թևատորոսին, որ տանում է եզան մորթած գլուխը։

Արևը հետզհետե բարձրանում է և արդեն երևում են առաջին միս առնողները։– Պետրուս ամի, մի լավ կոլոլակացու կտրի,– ասում է բախկալ Այազը։ Ահա եկավ Փոշտի Անտոնը, որից հետո մեկ-մեկ երևում են մանր աստիճանավորները։ Շուկայում խանութներն իրար հետևից բացվում են։ Առավոտի ջինջ օդում լսվում են մետաղի սուր և անդուրեկան ձայներ։ Այստեղ մի դուռ ծալեցին և կպցրին պատին, այնտեղ