Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/388

Այս էջը հաստատված է

աղմուկով ետ քաշեցին երկաթե կապը (և բոլորը գիտեն, որ խանութն աղմուկով բացողը մելոչնի Բախշին է), մի այլ տեղ զնգաց ցուցանակի թիթեղը, վերջապես ահա Պասաժի խանութների դռներն էլ բացվեցին, բայց ոչ կողքի, այլ դեպի վեր, որովհետև նրանք հնարով են շինած և հնարով էլ զնգում են։

Արդեն միս, հաց և կանաչի է առել ռուս քահանայի աղախինը՝ քոծ Մարուսյան, որի և ռուս քահանայի մասին անառակ լուրեր է տարածում տիրացու Պարսեղը՝ Տեր զի բազումի հավատարիմ օգնականը, մոլեռանդ հավատացյալ և խիստ ռուսատյաց։ Արդեն միս, հաց և կանաչի են առել Մարուսյան, ստրաժնիկ Վասիլի կինը, Պաչիստի Ավանեսը, կոնսիստորիայի ղալամդանը, Վաղարշակ բեյի ծառան, ֆայտոնչի Իբիշը, Չաքմաչի Վեսկանը կես ոչխար է տարել, որովհետև երեկոյան նշանդրեք կա։ Ահա հայոց ուսումնարանի վարժապետ պարուն Արշակը ևս երկու գրվանքա միս առավ և ոսկորից բռնած տուն է տանում՝ հետևից մի պառավ շուն, որը ճանաչում է մսավաճառ Պետրուսի բոլոր հաճախորդներին, որոնց մեջ ամենաբարին պարուն Արշակն է։

Հայոց ուսումնարանի վարժապետ Արշակն էլ միս առավ, և հանկարծ մսավաճառի խանութի առաջ ծանր-ծանր քայլերով երևաց ինքը՝ Ներսես բեյը, ոչ այն Ներսես բեյը, որ կոչվում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և ծառայում է դատարանում և ոչ էլ այն Պրիստավի կոչված Ներսես բեյը, այլ Հաստ Ներսես բեյը՝ գավառային վարչության սյունը։

– Պետրո՜ւս,– կանչում է Ներսես բեյը և կես րոպե այլևս ոչինչ չի ասում։

Եվ կարիք չկար, որ ասեր։ Նրա փոխարեն ասում էին նրա ուռած և արյունով լցված աչքերը, հաստ շրթունքը, որ կարծես չորրորդ կզակն էր, ձյունափայլ բրյուկը և նույնպես ձյունափայլ տյուժուրկան՝ խնամքով արդուկած և կոճկած մինչև վերջին կոճակը։ Հանդարտ ծփում էր նրա մարմինը, ինչպես ահագին ժայռը, որ ցցվել է ծովի մեջ և շողշողում է արևից։ Ներսես բեյը ոչինչ չէր ասում և չէր նկատում այն մանր չինովնիկներին, որոնք նրա կողքից ահով են անցնում։ Գարադաբուլդի Մուխանը, նա, որ գրպանները սիրում էր լցնել Օրդուբադի չիրով, արձանացել է և այդպես մի շաբաթ արձանացած կմնա, եթե Ներսես բեյը հրամայի։ Բայց Ներսես բեյը ոչ մանր չինովնիկներին է նկատում, ոչ տեսնում է Մուխանի արձանը, այլ խոր հազում է՝ խռռալով և շատ խոր,– Ներսես բեյը դեռ հազում է «հարուստի հազով», իսկ մսավաճառ