Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/39

Այս էջը հաստատված է


Ասես մի մեծ քարով խփեցին Հաթամի աղջկա գլխին․ ծնկները դողացին, աչքերը շաշվեց, ու հենց դռան շեմքին վեր ընկավ։

Իրիկունը տավարածի տունը սգատան էր նման, ոչ հաց, ոչ սովորական զրույց։ Բադին օջախի մոտ նստել, թրջած տրեխներն էր չորացնում ու միտք անում։

− Բա ո՞նց ա լինելու...

Բադին ամեն ինչ կարող էր սպասել, բայց այդ բանին՝ երբեք։ Հաթամի աղջիկը ցնորվածի պես էր։ Նստել էր Հաբուդի մոտ, նայում էր նրան, նայում անկշտում, անլեզու անասունի պես ու միտք անում։ Հաբուդը պառկել էր խսրի վրա, մտածում էր, թե ինչպես պիտի ապրեն ալևոր հայրն ու մայրը, եթե ինքը հեռանա։

Այդ իրիկուն ամբողջ գեղի ցավն ասես թառել էր Վանդունց տան գլխին։ Մտքերը− ծա՜նր, անպատասխան, որ որոճում էին երեքն էլ խրճթի խավարի մեջ, տապլտկում տեղաշորի մեջ, մեկը՝ տնքում, մյուսը՝ հառաչում ու լալիս, մե՜ղմ, զսպված հեծկլտանքով։

* * *

Մյուս օրը Հաբուդը առավոտ կանուխ քաղաք գնաց։ Հաթամի աղջիկը այդ օրը մոռացավ Բադու թաշկինակի մեջ հաց կապել։ Բադին էլ չէր նայում, թե տավարը ուր է գնում, կուշտ է թե սոված։ Նա միայն որդու մասին էր մտածում։

− Յարաբ չափսում պիտի գա՜ թե ոչ...

Կար մի րոպե, որ Բադին ցանկացավ Հաբուդին կաղ կամ կռնատ տեսնել, որ տանը մնար։ Բայց հետո ինքն էլ սոսկաց այդ մտքից և հուսահատ աչքերը երկինք ուղղեց։

− Աստված, քո ստեղծած խեղճն եմ, դու մի ճար արա։

Վանդունց Բադին մատաղ խոստացավ, եթե որդին զորակոչից ազատվեր։

Բայց այդպես չեղավ։ Հաբուդը չափսում եկավ ու նրան էլ գրեցին նորակոչների ցանկում։

Ընկերների հետ տուն եկավ Հաբուդը, որ մյուս որը նորից քաղաք վերադառնա, իսկ այնտեղից էլ՝ ուր ուղարկեն։ Հաբուդն ուրախ էր, որ նա քաղաքներ պիտի տեսնի, լեզու սովորի։ Բայց հենց որ աչքի առաջ կանգնում էին պառավ ծնողները, ուրախությունն իսկույն չքանում էր, որպես թեթև շամանդաղ։