Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/391

Այս էջը հաստատված է

որ հետզհետե բարձրանում են դարբնոցներից և թիթեղագործների արհեստանոցներից,– այդ ամենը, դեռևս անախորժ աղմուկ են, նման այն աղմուկին, որ արձակում է նվագախումբը վարագույրից առաջ։ Բայց ահա դիրիժյորը բարձրացնում է ձողիկը և նվագախումբը ներդաշնակ հնչեցնում է բարդ սիմֆոնիան։

Այդպես էլ ժամը 11-ից անց, երբ քաղաքագլուխն ստորագրում էր առաջին թուղթը, քաղաքի անկարգ ձայներն իրար hարմարելով սկսում էին ներդաշնակ hնչել, գոյացնելով մի քաղցրալուր նվագ։ Պատահում էր, որ մի ձայն դուրս էր թռչում այդ աղմուկից, ինչպես կեղծ հնչյունը նվագախմբում։ Պատահում էր, որ մի hովիվ սարերից իջնող մարդկանց և անասունների hեղեղի մեջ կորցնում էր իր շանը և հենց փողոցում կանչում էր. «Ալաբաշ, հե՜յ, Ալաբաշ...»։ Այդ ձայնին իսկույն պատշգամբ էր դուրս գալիս քաղաքագլուխը, որպեսզի խլացնի այդ աններդաշնակ ձայնը և մինչև անգամ զայրանում էր, ինչպես զգայուն դիրիժորը, բայց նույն մարդկային ժխորն ինչպես հեղեղ խլացնում էր այդ անպատեհ և անհարիր կանչը։ Եվ նույնիսկ եթե այդ ժամանակ բոլորովին մոտիկ մի աքլոր շոգից կատաղած կանչեր, եթե երկու չարաճճի գիմնազիստներ, անցնելով դալլաք Բոզու վարսավիրանոցի կողքով, կանչեին «դալլաք Բոզի, գլուխդ խոզի» և ինքը՝ հին շուկայի պատվելի վարսավիրն ընկներ նրանց հետևից և բարձրաձայն ասեր. «Այ, ես ձեր խրատողի...»,– միևնույնն է, ոչինչ այլևս չէր խանգարի այն ռիթմը, որով ընթանում էր քաղաքի աղմուկը։

Նա շուկա էր մտել յոթ ճանապարհով, նա հոսում էր դավթարխանայի, քաղաքային ինքնավարության, դատարանի, ոստիկանական վարչության, հարկային տեսչի, պետական գանձարանի և սուբահանոցի՝ նախնական կալանատան յոթ դարբասներից, որոնք բացվում էին շուկայի վրա։ Ինչպես բարակ առու, այդ աղմուկը գալիս էր ճոթի մաղազաների խորունկ խորքերից, որտեղ լեռնցիների խրոխտ ձայները խլանում էին... Եվ ինչքան արևը բարձրանար, այնքան զորեղանում էր նվագը և արևի թեքվելու հետ, երբ դեպի լեռներն էին վերադառնում գյուղացիները և քոչվորները,– այդ սիմֆոնիան մոտենում էր իր վախճանին։

Այդ պահին քաղաքի ամենահետաքրքիր անկյունները ոչ մանուֆակտուրայի խանութներն էին, ոչ պետական հիմնարկները և ոչ էլ նույնիսկ Պասաժը։ Դատարանում դատավորներն առանձնացել էին խորհրդակցության և մի ամբողջ ժամ նրանք չէին կարողանում քրեական դատավարության Կոճղ Օրինացի մեջ գտնել այն հոդվածը, որով կարելի է հարևանի գոմշի պոչը թրով կտրող հանցագործին պատժել և արդեն երդվյալ