Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/392

Այս էջը հաստատված է


հավատարմատար Ֆեոկտիստ Իվանիչն առաջարկում էր գործն ուղարկել նոր քննության, որովհետև շատ մութ էին հանցագործության հանգամանքները... Գավառային ինքնավարության մեջ այն ժամն էր, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը թավ ձայնով «անառակ» անեկդոտ էր պատմում, իսկ Նազար բեյը աղվեսահաչ էր տալիս... Այդպիսի ժամ էր քաղաքային ինքնավարության մեջ և հայոց վիճակային կոնսիստորիայում, այդպիսի խաղաղ ժամ էր, որովհետև Տեր զի բազումը վաղուց էր կնքել ծննդյան երկու վկայականները։

Նույնիսկ փողոցները խաղաղ էին։ Ծառի շվաքում կարելի էր հանդիպել մի քանի գյուղացիների, որոնք կամ սեխ էին ուտում, կամ փռել էին գնած ապրանքը և նորից նոր հաշվում էին՝ անընդհատ կրկնելով, «Հո չխաբե՞ց մեզ էն շան որդին...»։ Բայց հետաքրքիր չեն սեխ ուտող գյուղացիները և կամ նրանք, որոնք իրար երեսի նայելով դժվարանում են գտնել, թե գյազը 27 կոպեկով մահուդվարին ինչքա՞ն կանի, եթե իրենք գնել են 5 գյազ և մի չարեք։

Քաղաքում այդ պահին ամենահետաքրքիր տեսարանը խոհանոցներումն էր և ոչ թե սենյակներում, որտեղ նույնիսկ Հերսելյան՝ «Թևը կոտրած հրեշտակը» շրջում էր տնային զգեստով և չուներ այն հմայքը, որ ուներ, երբ հագնում էր խշխշան շորերը և պահում էր երկնագույն մետաքս հովանոցը։

Ամենահետաքրքիրը խոհանոցներում էր...

Ներս մտնենք Հաստ Ներսես բեյի տան դարբասով։ Արդեն դարբասի մոտ զգացվում է այն բույրը, որով անսխալ կարելի է որոշել, թե ի՞նչ վիճակումն է դոլման։ Արդյոք ա՞յն, երբ փակ կոկոնի նման հազիվ էր երևում մի կտոր վարդագույն միս, երբ հետզհետե փքվելով իր մեջ է կլանում շոգին և չոր մրգերի հյութը և խաղողի տերևների արանքներում բրնձի հատիկները խաղում են... Կաթսան փրփրում է, շոգին երբեմն բարձրացնում է կափարիչը պուֆ անելով և կափարիչը զնգալով նստում է։ Կաթսայի այդ շնչառությունը հիշեցնում է Ներսես բեյի հետկեսօրյա քունը, երբ հաստ շրթունքները ուռցնելով քնի մեջ նա պուֆ էր անում, արձակելով հոտավետ շունչ։

Մեծ կաթսայի կողքին շար են ընկել բազմաթիվ ջամեր, բադյաններ, կոթավորներ, պղնձե պնակներ, որոնց պարունակությունը և կետ նպատակը նույն դոլման է։ Մեկի մեջ տաքանում է սերկևիլի և նռան ջուր, որ պիտի եռա միայն մի անգամ, ապա ծաղկավոր կոթամանի մեջ աղախինը պիտի իջեցնի մառանը, սառեցնելու։ Նա պիտի երևա այն րոպեին, երբ մեծ ափսեի մեջ խոհանոցից դուրս կգա դոլման, և Ներսես բեյը նրա