Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/394

Այս էջը հաստատված է

– Է, տաք ասում ես պրծնում... Գիշերը աչքերս չեմ փակել։ Դու դեռ լավ ես։ Ուզում եմ գնամ Շուշի․ ասում են պրոֆեսոր Բահաթուրովը եկել է... Ժենսկիյ հիվանդությունից նա լավ է...

– Բախտավոր ես... Ես էլ կգայի, եթե երեխան չլիներ...

Պատուհանները փակում են և երկու սիրելի հարևանուհիները իրար հասցեի շշնջում են.

– Հողեմ գլուխդ, թե քո մարդը քեզ Շուշի կուղարկի... Դու երեխան մահանա բռնի։

– Էդ դեղնած կերպարանքիդ Բահաթուրովն էր պակաս...

Եվ միայն կարելի է զարմանալ, թե որքան խելոք էին այդ կանայք և ինչ եռանդի տեր էին, որ այդքան զբաղմունքից հետո դեռևս ժամանակ էին գտնում կտրելու փողոցը, որպեսզի փորձեին հարևանի մուրաբայի համը, այն մուրաբայի, որի եփելու կերպը քաղաքներից բերել է Վառվառա Մինաևնան, տիկին Վառինկան, Վառի-բաջին, ինչպես նրան կանչում էր լվացարարուհի Մինան։ Նրանք ժամանակ էին գտնում վերջին մոդայի պելերինայի ձևն ընդօրինակելու, նույնիսկ մտնում էին կանացի դերձակ Մացակի տունը, իբրև թե պատահմամբ, բայց նպատակ ունենալով տեսնել այն կոֆտան, որ պատվիրել է տիկին Օլինկան և որի մասին այնքան շատ էին խոսում Լալազարանց տանը։ Եվ ինչի մասին կարծիք չէին հայտնում և ինչ կարծիքներ չէին հայտնում նրանք...

– Ստուդենտ Ռուբենը շատ կսխալվի, եթե Հերսելյային առնի։ Նրա մեջն առողջ չի...

– Ամբրումովի տղան չի բարիշում խորթ մոր հետ։ Ասում են տեր Զավենը գնացել է հաշտեցնի...

– Սահակ Սերգեյիչի մեծ աղջիկը լկստված է... Երեկ գիշեր նրան բուլվարում տեսել են ռուս օֆիցերի հետ...

– Է՜, ժամանակս փոխվել է, զարգացել են, լուսավորվել են... Մեզնից ծնվածն էլ մեզ չի հավանում...

– Տեղն է, Սահակ Սերգեիչի կնոջը տեղն է... Ասում էին աղջկադ հեռու մի ուղարկի, կլկստվի, թե թող ուսումը տեղ տա, բժիշկ պիտի դառնա։ Դե հիմա թող բժիշկ դառնա... Կդառնա՜, ինչպես չէ։

Այդպիսի կարծիքներ հայտնում էր նաև տիկին Վարսենիկը, ոչ միայն պատուհանից զրուցելով հարևանուհու հետ կամ այդ նպատակով հյուր գնալով մի տուն, որտեղ իրար էին փոխանակում լուրերը, լուր էին փոխ առնում, ինչպես փոխ էին առնում մի աման նավթ, որովհետև ցերեկով մոռացել էին գնել,– առժամանակով առնում էին լուրը, ինչպես մի անգամի համար հարևանից վերցնում էին փլավ քամելու պղնձե մաղը։ Տիկին