Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/395

Այս էջը հաստատված է

Վարսենիկն այդ բանով զբաղվում էր նույնիսկ խոհանոցում, դոլմայի ձևավորման ամենապատասխանատու րոպեին, երբ կրակի հզորացումը կամ մի ավելորդ համտես կարող էր փչացնել ամեն ինչ, ինչպես եթե նավավարը՝ աչքը դեպի ծովային ճայերը, նավը հանկարծ զարկեր ստորջրյա քարի...

Բայց տիկին Վարսենիկի ձիրքն էլ հենց այն էր, որ նա կարող էր ֆրանսիական ապրանքների մագազինի սուրճը վատաբանել և նույն ժամին կրակից հանել մի փայտ, որի ջերմությունից նռան և սերկևիլի ջուրը կսևանար։ Տիկին Վարսենիկն իր աղախինին պատմում էր.

– Ասում են երեք օր առաջ Շենում մի կին գնացել է բանջարի, հասել է մինչև Մատուռի ձորը... Քանի միտս է, գինու փարչը դիր առվի մեջ, մի քանի էլ դամբուլ քաղի էն ծայրի ծառից,– իսկ ինքը բաց է անում կաթսայի կափարիչը և գոլորշուց, բույրից, ավելի ճիշտ, եռացող ջրից հասկանում է, թե ինչ է կատարվում կաթսայի խորքում։

– Գալիս է, պապան գալիս է, հետն էլ մի մարդ կա,– ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքրիկ աղջիկը, որին մայրը պահակ էր դրել փողոցի անկյունում։

– Գալիս է, պապան գալիս է, հետն էլ Նազար դյադյան է,– ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքր տղան, որ ավելի հեռվում էր դիրք պահել։

– Գալի՜ս են,– ճչում են երեխաները, ինչպես նավաստիները կկանչեն․

– Ցամաքը երևաց, ցամաքը...

Այստեղ տիկին Վարսենիկի ձիրքը հասնում է կատարելության, մինչև տանտիկնության արվեստի բարձունքները։

– Կաթսան մի կողմ դիր,– և հյուրի համար ավելացնում է ճիշտ այնպիսի գավաթ, ինչպիսին դրել է ամուսնու համար։

– Բողկը ջրից հանի,– և շտապում է հինգ րոպեում զգեստը փոխել, հարդարել իրեն, փոքր տղայի գոտին շտկել, աղջկանը հիշեցնել, որ Նազար դյադյային հարկավոր է բարևել և այդ տագնապի մեջ մոռանում է բութ մատի մուրը, որ կնկատի երեկոյան, երբ շարունակի պատմել այն կնոջ մասին, որ երեք օր առաջ գնացել էր Մատուռի ձորը...

Ներսես բեյի և նրա հյուրի՝ Նազար բեյի ներս մտնելուց հետո ճաշն իսկույն չի սկսվում, թեև Ներսես բեյը դեռևս ռապորտ գրելուց էր քաղց զգացել, ավելի ճիշտ նրա քթովն էր ընկել դոլմայի հոտը, ինչպես տիկին Օլինկայի բարձերից մի բմբուլ հասել էր մինչև դատարան և նստել խեղճ գրագրի ունքին։ Ներսես բեյը քաղցած էր, բայց կային անխուսափելի ծեսեր, ինչպես բողկը անխուսափելի էր դոլմայից։ Այդ ծեսերից վեհագույնը