Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/396

Այս էջը հաստատված է

կատարվում էր այգում, երբ Ներսես բեյն իր սեփական ձեռքով, վարունգի թփերի մեջ փնտրում էր երկու-երեք փոքր վարունգ, ծաղիկը դեռ պոչին, փոքրիկ փշերով, ինչպես երեխայի աղվամազը, այն նուրբ վարունգը, որ բերանի մեջ հալվում է և որին Ներսես բեյը մեծարում էր տասնյակ փաղաքշական բառերով՝ պիկուլիա, կուլուլիա, պիծի-միծի Բաղդասար, Կլապիդոն Իվանիչ, բիբուլի և այլ այսպիսի բառերով, որոնցից մի քանիսը յուր ժամանակ ուղղված էին տիկին Վարսենիկին։ Բայց ահա նա գտավ այն վարունգները, որոնց Ներսես բեյի ասելով, աստված Քարահունջի օղու հետ միաժամանակ աշխարհ է ուղարկել, որպեսզի մարդկային հոգին չձանձրանա...

Եվ ճաշը սկսվում էր...

Սկսվում էր այն ճաշը, որից հետո տիկին Վարսենիկի աղախինը կանչում էր լվացարարուհի Մինային և երկուսով միասին առվի ջրում մոխրով լվանում էին պնակները, կաթսաները, մեծ ու փոքր ափսեները... Եվ մինչև արևը մայր մտներ, նրանք լվանում էին։ Իսկ ներսը, հով սենյակում, դիվանների մեջ ընկղմված քնել էին Ներսես բեյը և Նազար բեյը,– տիկին Վարսենիկը գնացել էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, մեծ տղան պապայից ծածուկ ընկուզենու տակ ծխում էր, փոքրը փետում էր թիթեռի թևերը, մեծ աղջիկը պատուհանից ո՞վ գիտի ինչու նայում էր դուրս, իսկ փոքրն սպառնում էր պապային ասել, որ Ժորժիկը ծխել է և մամային ասել, որ մեծ քույրը դարձյալ պատուհանից չէր հեռանում։

Փողոցում լռություն էր։ Լսվում էր միայն ամանների զնգզնգոցը և Ներսես բեյի միալար պուֆերը, կարծես դեռևս կաթսայի մեջ դոլման եռում էր։

8

Ամբողջ քաղաքում բեյերը քնել են հետկեսօրյա քնով և քանի նրանք քնած են,– հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում, որովհետև շներն էլ քնած են։ Իսկ Գորիս քաղաքի շները կատվի ձագեր չէին, ինչպես Լյուդմիլա Լվովնայի շնիկը, որի մասին խոջա-Մակիչը մի անգամ ասել էր.

– Փառքդ շատ, աստված... Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է։

Գորիսում հայտնի շներ կային, ինչպես օրինակ Սիմոն բեյի Թոբուշը, որից ամբողջ թաղը դողում էր և նույնիսկ մուրացկանները սիրտ չէին անում նրանց բակը մտնել։ Նրանք շներ չէին, այլ շղթայած առյուծներ