Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/398

Այս էջը հաստատված է


ինձ համար շուն չէր, այլ բերդ էր»,– իմացեք, որ այդպես ասողը գորիսեցի էր։

Քանի շները քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում և մի քանի տուն մտնել։ Բայց հարկավոր չի մտնել Հաստ Ներսես բեյի հարևան տունը, որտեղ ապրում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյը, որովհետև այստեղ էլ ամեն ինչ նույնն է՝ աննշան տարբերությամբ։ Կարճիկ Ներսես բեյը դոլմա չի կերել, այլ կոլոլակ, նա մեջքի վրա չի քնած, այլ կողքի և նրա շան երկու աչքերը կապույտ են, իսկ Հաստ Ներսես բեյի շան մի աչքը երկնագույն է, մյուսը՝ կապույտ։ Մնացածը նույնն է, նույն այգին, նույն չորս երեխան, որից մեծ աղջիկը պատուհանի առաջ սպասում է, թե երբ կանցնի հարևանի գիմնազիստ տղան,– այն բակից էլ մի աղջիկ տեսնում է Ժորժիկի ծխախոտի ծուխը։

Հարկավոր չի ներս մտնել այս տունը նաև այն պատճառով, որ երկու հարևաններ իրար թշնամի են և դառն է պատմել նրանց թշնամությունը, որովհետև կարող են կարծել, թե երկու Ներսես բեյերը չնչին մարդիկ էին, եթե նրանց երկարամյա գժտության առիթը եղել էին նրանց շները, ավելի ճիշտ՝ Հաստ Ներսես բեյի շունը, որ մի գիշեր կապը կտրել և թռել էր հարևանի այգին և այնտեղ հարևանի շան հետ շնություն էր արել և այդ ոչ թե այգու մութ խորքում, այլ նոր մարգերի մեջ, այնտեղ, որ Կարճիկ Ներսես բեյի կինը ցանել էր Երուսաղեմի լոբի, ռեհան, կինձ և գլխավորն է` կատաղած վարունգ, այն վարունգը, որի սերմերը Քութաիսից ուղարկել էր հարկային տեսչության ավագ ռևիզոր իշխան Այլախիարին, երբ պաշտոնական գործով եկել էր Գորիս և յոթ օր հյուր էր եղել Կարճիկ Ներսես բեյին։ Իշխանը դեռևս Գորիսումն էր, երբ ամբողջ քաղաքը խոսում էր Քութաիսի կատաղած վարունգի մասին, որը բերանում չի հալվում, ինչպես Հաստ Ներսես բեյի սիրած պիծի-միծի Բաղդասարը, այլ հասնելու մոտ պայթում է ահագին աղմուկով, ինչպես նկարագրել էր իշխանը,– պայթում է ինչպես ռումբը և ամբողջ քաղաքն անհամբեր սպասում էր այն օրվան, երբ ինչպես ռումբ պիտի պայթեր առաջին կատաղած վարունգը, որի սերմից Կարճիկ Ներսես բեյի կինը հինգ հատիկ էլ չէր տվել իր հարևանուհուն և մինչև անգամ Լալազարանց տանը այդ առթիվ ասել էր.

– Անցյալ տարի կոֆեն կրակի վրա մի գցելու ցիկորիա ուզեցի, թե՝ ես էլ հյուր ունեմ, ինձ հերիք չի... Հապա ես էդ կմոռանա՞մ...

Բայց գժտության առիթն այդ չէր, այլ շների մոլությունը, որի ընթացքում կատաղած վարունգի ծիլերը արմատախիլ տրորվել էին։ Կարճիկ Ներսես բեյի կինն այդ համարել էր նախանձից տրաքված