Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/40

Այս էջը հաստատված է

Չափսի ժամանակ Իսանանց մեծ ախպերն ու պիսիրն իրար հետ փսփսում էին։ Չլինի՞ թե նրանք մի բան խաղացին նրա գլխին։ Եվ դառն ատելությունը ալիքի պես բարձրացավ նրա հոգում դեպի պիսիրը, որ Օհանի հարսին ձեռք էր տվել, որ նամակ գրելու համար հավ ու ճուտ էր ուզում, դեպի Իսանանք և նրանց պես համփա մարդիկ։

Չար լուրը շուտ էր տուն հասել։ Հաթամի աղջիկը շիվար, ձեռքը ծոցին որդուց չէր հեռանում, ձեռքը մի բանի չէր կարողանում տալ, դատարկ էր թվում չորս կողմը, ասես հեղեղը քշել, տարել էր ամեն ինչ...

Հապա Հաբուդի հարսանիքը։

− Հաբուդ, կռիվը հեռու ա՞ մեր մահալից,−հազիվ զորեց հարցնել մայրը։

Որդին ժպտաց, ի՞նչ ասեր։ Ի՞նչ գիտեր մայրը և ինչպես հասկանար նա, որ աշխարհը խառնվել է իրար, ու որդին հազար վերստից ավել պիտի գնա, անցնի քաղաքներ ու հասնի այնտեղ, ուր թոփի ձենից մարդու ականջ է խլանում։

Իրիկունը Բադին տուն եկավ։ Նա իսկույն հասկացավ ու միայն կարողացավ ասել.

− Հաբուդ, քե մատաղ, բա մենք...

Կես գիշերից անց էր, ոչ ոք չէր քնել։ Հաթամի աղջիկը որդու կապոցն էր պատրաստում՝ գուլպա ու թաշկինակ, միրգ ու գաթա։ Ամեն մի իր ձեռք առնելիս չգիտեր, թե ուր դնի. արցունք էր, վարար ջրի պես հոսում էր։

Բադին ինքն իրեն սիրտ էր տալիս.

− Թագավորի ծառայություն ա, հնար չկա։ Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչես։

− Հաբուդ, քեզ լավ պահի, շատ ջահելություն չանես։ Օտար երկիր ա, կռիվ ա, ո՞վ ա գիտում ինչ կարող ա պատահի։ Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի, հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի։

Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին՝ օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին։ Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ։

Մյուս օրը Հաբուդը գնաց։

Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ խրճիթը՝ Աթանանց մեծ ընկուզենու մոտ։