Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/400

Այս էջը հաստատված է


Ներսես բեյի մեծ աղջկան, որը օգտվելով հետկեսօրյա խաղաղությունից, Ժորժիկի նամակի պատասխանն ահա տանում է դեպի պատը՝ ջրածակի գլխին։ Իսկ Ժորժիկն ընկուզենու տակ անհամբեր ծխում է և սպասում է ազդանշանին։

Կարճիկ Ներսես բեյի տնից վերև դարձյալ բեյի տուն է՝ Խուրշուդ բեյի տունն է։ Այդպես էր Գորիս քաղաքում, երբեմն մի շարքի ընկնում էին քսան քսանհինգ բեյի տներ, ինչպես ճոթի մաղազաները։ Երբեմն այդ շարքը ընդհատվում էր վաճառականների տներով և նաև մի այնպիսի տնով, որի տերը ոչ բեյ էր, ոչ վաճառական, այլ օրինակ Ափունց Ակու-ամին էր, ձորկեցիների նամակառուն։

Չորրորդ տունը, որ երկու միանման ճակատ ուներ, որովհետև նայում է երկու միանման փողոցների,– նշանավոր էր և տան տերով և տնկեցով, ինչպես Գորիսում անվանում էին ուրիշի տանը վարձով ապրողին։ Այդ տան ներքնահարկում, ճիշտ այնպիսի զերզամբայում, որտեղ տիկին Վարսենիկը ձմեռվա համար պահում էր կարտոֆիլ, թթու կաղամբ, սոխ, ձմռան բողկ, նաև այնպիսի իրեր, որ ամառ-ձմեռ այդ կիսամութ ներքնահարկում էին՝ հնաձև թամք, կոտրած տակառ, թիթեղի կտորներ, որ մնացել են տան կտուրից, պարսկական լագան և այլն,– ճիշտ այդպիսի զերզամբայում ապրում էր Հայաստանցի Ավետիսի ընտանիքը։

Ինչպե՞ս էր նա ընկել այդտեղ և ո՞ր գավառից էր,– հայտնի չէր․ միայն եթե նրա մասին հարցնող էր լինում, պատասխանում էին, որ Ավետիսը փախստական է Հայըստունի կողմերից և նրա խոսած լեզուն այն կողմի լեզուն է։ Այդքան էին պատասխանում, որովհետև Գորիսում խեղճ մարդկանց մասին երկար չէին խոսում։ Միայն պարուն Արշակը հայոց պատմության դասին պատմելով Մշո երկրից՝ ծխական դպրոցի սաներին հարցնում էր․

− Կարդացել եք չէ՞ Ահարոնյանի «Արցունքի հովիտը»...

− Կարդացել ենք, բոլորս միաբերան կարդացել ենք,− գոռում էր մի չարաճճի։

− Ահա Հայաստանցի Ավետիսն այդ երկրից է։ Այդ արցունքի հովտից, որ կոչվում է Հայաստան, իսկ հնում՝ Նաիրի երկիր,− և պարոն Արշակը շարունակում էր դասը։

Հայաստանցի Ավետիսը Մուշի՞ց էր, թե Վանից, թե Ալաշկերտից էր, ո՞վ գիտեր, որովհետև Գորիսում միայն պարուն Արշակը և Սասուն գրախանութի մարդիկ գիտեին Մուշը և Վանը և Ալաշկերտը, իսկ մնացածների համար այդ ամենը յոթը սարից այն կողմ մի մութ երկիր էր, մի անհայտ