Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/401

Այս էջը հաստատված է

Հայըստուն, որտեղից երբեմն գալիս էին մաղ ծախող գնչուներ, լարախաղեր, որոնք խաղից առաջ խաչակնքում էին հանուն Մշո Սուլթան սուրբ Կարապետի, գալիս էին օտարոտի տեսքով մարդիկ, որոնք ոչ ռուս էին, ոչ զիլանի քյուրդ, ոչ կլայեկ անող լեզգի, ոչ խոյեցի կլլան էին, այլ Հայըստունցի էին։

Ինքը՝ Հայաստանցի Ավետիսը ոչինչ չէր պատմում։ Նրանից այդ մասին չէին հարցնում։ Նրան միայն ասում էին.

– Ավետիս, մի սաժեն քար է պետք... Հի՞նչ ես ասում,– իսկ Ավետիսը ոչինչ չէր ասում, այլ տասը օր իր էշով գետնից մի սաժեն քար էր կրում։

– Ավետիս, անտառապահին ես ասել եմ փայտի համար... Քանի եղանակները լավ են... – և ասողն ուրիշ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, որ Խուրշուդ բեյի փայտը կրելուց հետո Ավետիսը պիտի կրի նրա փայտը, էշի և յուր սեփական մեջքով թագավորական անտառից պիտի կրի նրա փայտը։

Իսկ մոտիկ հարևանները միայն այն գիտեին, որ Ավետիսի ապրած զերզամբան լիքն է գեշ, սև և պեպենոտ աղջիկներով, որոնք երբեմն արևի տակ նստում էին և ով նրանց տեսներ՝ միտք էր անում, թե Հայըստունցին ինչպես պիտի տեղաց անի այդքան աղջիկների, և նրանց ո՞վ կառնի։

Բայց առնում էին։ Երկու տարին մի անգամ, Ավետիսը, տուն գալով, հետը բերում էր կոշկակարի մի աշակերտի, որ մանկուց քել էր, մի կաղ երիտասարդի, որ բրուտի արհեստանոցում կավ էր շաղախում,– վերջապես մի նախրապանի, որը լսելով ուներ իր սեփական կովը և նույնիսկ Խուռուփի ձորում ուներ սեփական այգետեղ։ Միայն մի անգամ կոշկակարի քել աշկերտը, բրուտի մշակը և նախրապանն աչքի տակով նայում էին Ավետիսի մարդու գնացող աղջկան և մի շաբաթ հետո ներքնահարկում հարսանիք էր... Վերի հարկից մի գիշերով տալիս էին մեծ կարպետը, մի քանի ափսե, պղինձը, հարևանները ով մի քիչ յուղ, ով բրինձ, ով մի հնամաշ զգեստ, որ եթե հարսնացուին փոքր էր, Ավետիսի կինը պահում էր նրանից կրտսեր աղջկա համար։

Ծախքի մեծ մասը հոգում էր տիկին Օլինկան, Հայ Կանանց Միության երկարամյա նախագահուհին։ Եթե քրքրենք այդ Միության ժապավինյալ հաշվեմատյանը, գրանցված կգտնենք հետևյալը․ «Հայաստանցի Ավետիսի դստեր կնունքին հինգ ռուբլի դրամով» և կամ «Հայաստանցի Ավետիսի դստեր ամուսնության տասը ռուբլի»։ Անարդարացի կլիներ կասկածել այդ գրանցումների ճշտության,– նախ որ բոլորի դիմաց կա