Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/402

Այս էջը հաստատված է

Ավետիսի ահռելի բութի դրոշմը և ապա դեռ մինչև այժմ էլ ոմանք գորիսեցիներից հիշում են, թե երբ Հայատանցի Ավետիսին աղջիկ էր ծնվում, հարևաններն ասում էին.

– Ավետիսն էլի մի հնգանոց աշխատեց...

Եվ վերջապես Կյորեսից մինչև Նորու, այնտեղից Ձորեկ և Ցաքուտ այժմ ինչքան գեշ, սև և պեպենոտ աղջիկ ու կին կա, ամենքը սերվել են Հայաստանցի Ավետիսից։

Կարելի է նաև այլ վկայություն բերել․ այդ գյուղերում, ինչպես և Կյորեսում, կա հայըստունցու հարսանիք արտահայտությունը, որ նշանակում է անաղմուկ հարսանիք առանց կերոնների, առանց մակարների, այսինքն հրավիրված հարսանքավորների, որոնք ունեին իրենց նշանը՝ վառած մոմը և ունեին մակարապետը, որի նպատակն էր խմել և խմեցնել մակարներին, ջարդել և փշրել գավաթները, երբ հարկ լիներ, պարել տալ ամենաամոթխած աղջիկներին, հարսանիքը ձգձգել, եթե հարսանքատանը գինին սպառելու վրա էր, իսկ աղջկա հայրը ժլատ, կռվեցնել երկու տոհմի և հաշտեցնել հին թշնամիներին,– մի խոսքով մակարները հրոսախումբ էին, որ տիրում էին հարսանքատանը և տնեցիներին այնքան, մինչև գինու զորությունից պարտվեին։ Եվ երբ պատահում էր, որ գինին քիչ էր, մակարապետը կանչում էր.

– Մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...

Եվ գինին գալիս էր ով գիտե որտեղից և ինչպես, աղջկա հոր բարեկամներն էին օգնում, թե՞ հենց ինքը՝ մակարապետը ուղարկում էր մի նշան, որով Շոր աղբյուրից էլ կարելի էր գինի հանել,– բայց գինին գալիս էր և հարսանիքը շարունակում էր բորբոքվել։

Այդպես էր այն տունը ներքնահարկում, որի տերը թեև Գորիսի բնակիչ չէր հաշվվում և ոչ էլ կյորեսեցի էր, այլ միայն Հայաստանցի,– սակայն 1897 թվից ապրում էր միևնույն զերզամբայում։ Ու թեպետ Ավետիսը մի էշով քսան տան քար էր կրել, բայց ինքը ոչ տուն ուներ, ոչ տնատեղ, այլ ուներ յոթ աղջիկ, միշտ յոթը, որովհետև մեկին մարդու տալուց հետո, դեռ տարին չբոլորած, ծնվում էր նրա նման մի աղջիկ և նույնիսկ պատահում էր, որ հարսնամայրը աղջկա հարսանիքին պարում էր երկու հոգով։

– Հերիք է, մեղք ես, աղջի,– ասում էին հարևանուհիները Ավետիսի կնոջը, երբ Ավետիսը նորից մի հինգանոց էր աշխատում, իսկ կինն սկսում էր անիծել ամուսնուն։ Կինն այնպես դառն էր դժգոհում և այնպես էր նկարագրում ամուսնու զորությունը, որ հարևանուհիները` տիկին Վարսենիկը, Խուրշուդ բեյի կինը, Անիկա տյոտյան, երբ լսում էին