Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/403

Այս էջը հաստատված է

քար կրող Ավետիսի ոտնաձայնը, բարձրանում էին պատշգամբը՝ լոտո խաղալու։

Հայաստանցու բնակած զերզամբայի գլխին ապրում էր ինքը տանտերը՝ Պավլի բեյ Օրբելյանը։ Ամեն կողմից նշանավոր այդ բեյը ոչ միայն «Մշակի» անխափան ընթերցողն էր և չէր ծառայում պետական հիմնարկում, այլ առանձնացած ապրում էր տանը, ինչպես իշխանը դղյակում,– Պավլի բեյը ոչ միայն հայտնի էր ռուս քահանայի հետ ունեցած ընդհարումով, այլև ուներ իր անձնական նպատակը։ Ինչպես Հաստ Ներսես բեյը, նա միայն ռապորտ չէր գրում, չէր ուտում և չէր քնում և քնելուց հետո բակարա չէր խաղում, այլ ուտելուց և քնելուց հետո Պավլի բեյն առանձնանում էր այգու խորքը և այնտեղ մտածում էր... Սյունյաց նախարարության հին և գալիք ժամանակների մասին։

Գորիսի բեյերի մեջ նա միակն էր, որ պատրաստի ծխախոտ չէր ծխում, այլ Եփրատ Երեմի խանութից գնում էր դատարկ գլանակներ, որոնց Պավլի բեյն իր ձեռքով լցնում էր մեղրաջրով թրջած ծխախոտ։ Այդ գլանակների տուփի մեջ լինում էր մի անակնկալ՝ թղթի թիթեռ, գունավոր դրոշակ և այլն... և ահա ամբողջ փողոցի երեխաները հավաքվում էին Պավլի բեյի բակը, երբ նրանք լսում էին, թե Պավլի բեյը բաց է անում նոր տուփ։ Եվ այդ օրերին վա՜յ էր Հայաստանցի Ավետիսի աղջիկներին, որովհետև մինչև անգամ վեց տարեկան տղան կծեծեր հարսնացու աղջկան, եթե նրանք չմտնեին ներքնահարկը։ Իսկ Պավլի բեյը սպասում էր այնքան, մինչև բակը լցվեր տղա երեխաներով և տուփը բաց էր անում։ Տուփի միջի գունավոր դրոշակը կամ թղթի թիթեռը Պավլի բեյը պատշգամբից գցում էր ներքև, երեխաներն իրար վրա էին թափվում, իսկ տան տերը զվարճանում էր։ Ամեն կողմից նշանավոր Պավլի բեյը եթե երեխաների մեջ նկատում էր 12-14 տարեկան տղաների, նրանց մեկ-մեկ կանչում էր պատշգամբ նրանց ականջը թեթև ոլորելով, պատվիրում էր.

– Ականջդ կկտրեմ, եթե լսեմ, որ ուրիշ ազգից ես աղջիկ առել... Հայ աղջիկ կառնես, իմացա՞ր...

Իսկ տղաները՝ ականջներր քորելով իջնում էին և միտք էին անում, թե ի՞նչ պիտի անեն Հայըստունցի Ավետիսի գեշ, սև և պեպենոտ աղջիկը։

9

Այն փողոցը, որտեղ մեծ մասամբ բեյերի տներն էին և նրանցից մեկի՝ Պավլի բեյի տան ներքնահարկերում ապրում էր Հայաստանցու ընտանիքը,– այդ փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց։