Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/405

Այս էջը հաստատված է

և դդումի անսպառ բերքով, որ այնուամենայնիվ գարնանամուտին սպառվում էր, որովհետև արհեստավորների մեջ այնպիսի ուտողներ կային, ինչպես օրինակ Չաքմաչի Վեսկանը, հյուսն Ասանը և թամբագործ Թևին, որոնք եթե երեքով միասին մակար գնային, հարսանքատիրոջ շունը սոված կմնար։

Այդ փողոցում ապրում էին հյուսներ, քարտաշներ, կոշկակարներ, թիթեղագործ, ներկարար, նաև մի քանի բեյեր, որոնք մյուս բեյերի շրջանից դուրս էին, ինչպես օրինակ՝ երրորդ Ներսես բեյը, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ, որովհետև մի ժամանակ նա եղել էր պրիստավի գրագիրը։ Բայց այժմ մնացել էր միայն անունը և ոչ ոք նրան բանի տեղ չէր դնում՝ ոչ իրենք՝ բեյերը, ոչ կինը և ոչ հարևանները։ Մի ռուբլուց ավելի նրան կաշառք չէին տալիս, ավելի հաճախ տալիս էին մի արծաթ աբասի և երբեմն ոչինչ չէին տալիս, այլ միայն ասում էին.

– Ներսես բեյ, էս անգամ կներես...

Հին ճանապարհի տները մի հարկանի էին՝ առանց բացառության։ Թեև այնտեղ էլ տնատեղերը գնել էին հավասար մեծության՝ յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն, բայց որովհետև եղբայրներն իրար մեջ բաժանել էին միասին գնած տնատեղը, ուստի տների թիվն ավելի էր։ Եվ երբ ծայր էր առնում երեխաների մահլակռիվը՝ կռիվը տարբեր փողոցների երեխաների միջև, ձմեռը՝ ձյունագնդերով, աշնան դեմ՝ արևածաղկի գլուխներով, եգիպտացորենի կոթերով, նետ-աղեղով, երբեմն քարերով և նույնիսկ շներով, երբ յուրաքանչյուրն իր շան շղթան թևին փաթաթած գնում էր կռվի,– Հին ճանապարհի տղաները միշտ հաղթում էին և պատահում էր, որ հաղթողները հակառակորդին քշում էին մինչև շուկա և մանկական մի նետ դիպչում էր գարադաբուլդի Մուխանին, կամ դդումի կլեպը թռչում էր քաղաքային դումայի պատշգամբը։

Նրանք կռվում էին «ռուսների» դեմ, այսինքն բեյերի և վաճառականների տղաների դեմ, որոնք սովորում էին թագավորական դպրոցներում՝ Գորիսում և այլ քաղաքներում, իսկ Հին ճանապարհի տղաները՝ Կյորեսի հայոց ուսումնարանում։ Վերջիններս չունեին ոչ համազգեստ և ոչ էլ դպրոցի նշան՝ գլխարկի և գոտու վրա։ Հայոնց դպրոցի երեխաները տրեխներով էին, տարվա մեծ մասը գլխաբաց։ Դպրոցից հետո նրանք աշխատում էին տանը և բանջարանոցում, օգնում էին ծնողներին՝ արհեստանոցներում և պատահում էր, որ դպրոցից վերադառնալով, ներկարար Նեսու տղան հագնում էր հոր մեծ կոշիկները և ներկի դույլերը ձեռքին հոր հետ գնում էր աշխատանքի։