Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/406

Այս էջը հաստատված է

Եվ պետք էր լինում, որ տուն գալուց Մանուչար բեյի փողոցում «ռուսները» կտրում էին Նեսու տղայի առաջը... Այն կողմից մեկը լուր էր բերում և ահա Հին ճանապարհից թռչում էին նրա ընկերները շներով, քարերով, նետ-աղեղով, մահակներով և նույնիսկ մեծերը դժվար էին դադարեցնում նրանց քարե կարկուտը։

Ամառը կռվի վայրը գետն էր, Հին ճանապարհի տակով անցնող գետը։ «Ռուսները», այսինքն գիմնազիստները, որոնք ամառային արձակուրդին տուն էին եկել,– խմբերով գալիս էին լողանալու, որքան էլ շատ լինեին նրանք և նույնիսկ իրենց հետ բերեին մեծահասակ մեկին, այնուամենայնիվ այդ էլ նրանց չէր փրկում կռվից, երբ նրանք մտնում էին Հին ճանապարհի տղաների կառուցած լողարանները։

– Մեր ջրերից դուրս եկե՜ք,– գետի մյուս ափից բղավում էր այդ տղաներից մեկը, երբ վաճառականների և բեյերի տղաներն արդեն հանվում էին, ավազի վրա շարելով իրենց փայլուն գոտիները, սպիտակ գլխարկները, որոնց պղնձե նշաններն արևից փայլփլում էին։

– Կորի, ռա՜դ իլ,– բղավում էր մի գնդլիկ գիմնազիստ՝ ձյունաթույր մարմնով, ինչպես ձյունաթույր էր նրա սպիտակեղենը, որ տաժանելի աշխատանքով լվացել էր լվացարարուհի Մինան։

– Ասում եմ դուրս եկեք մեր գյոլից,– զայրացած բղավում էր Հին ճանապարհի տղան, որ առավոտ կանուխ տնից փախել էր, որովհետև գետափի ազատ պարտեզները նրան կանչել էին կեռաս ուտելու, փրցնելու մի քանի պատիճ բակլա, մի բանջարանոցից գողանալու կարտոֆիլ և գետափին՝ քարակույտերի հետևը խորովելու բակլա և կարտոֆիլ, որ նրա և՛ ճաշն էր, և՛ ընթրիքը։

– Չե՞ք գնում,– և զայրույթից նրա դեմքը կարմրում էր, ինչպես եթե տղան երեսին քսեր գողացած բալը։ Ապա առաջին քարն այն կողմից վզզալով ընկնում էր գետի մեջ, լողացողներից մեկ-երկուսը, որոնք սրտով էին, դուրս էին թռչում և նրան քշում էին դեպի պարտեզների խորքը։ Եվ հաղթանակով վերադառնում էին...

Բայց նրանք դեռ նոր էին մտել ջուրը, երբ պարտեզներից Հին ճանապարհի տղաների խումբը, որ մինչ այդ, ով գիտի որ պարտեզն էր ասպատակում,– նրանց խումբը, ինչպես վայրենիների ցեղ, շրթունքները բալի հյութից կարմրած, բոբիկ և ցնցոտիների մեջ, իսկ ոմանք առանց ցնցոտիների, այլ մի շապիկով,– և արևից սևացած մարմիններով այդ սևամորթներն, ինչպես վայրենիների ցեղ, դուրս էին թռչում պարտեզներից, մոշի թփերից, թրմփալով վայր էին ընկնում ծառերից և վազում էին դեպի գետը՝ ով ձեռքին արևածաղկի կոթ, ով բանջարանոցից պոկում