Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/407

Այս էջը հաստատված է

էր մի ձող, որի վրա փաթաթվել էր լոբին, ով կտրում էր ուռենու ճյուղը, ով վազում և գոգը լցնում էր մանր քարերով և նրանք թռնում էին՝ պատերի վրայով, շամբուտների միջով, բոբիկ ոտքերով կոխելով և՛ ավազ, և՛ խոտ, և՛ փուշ։ «Ուռռա՜»... հնչում էր նրանցից մեկի ձայնը և սևամորթները սլանում էին։ Սպիտակներն ահաբեկված իրենց գցում էին մյուս ափը, ոմանք շորերն առած փախչում էին հեռու, ոմանք քարերի հետ դիրք մտած՝ փորձում էին ընդդիմանալ հեղեղին, որ գալիս էր աղմուկ աղաղակով...

Նրանց բաժանում էր գետը, բայց հաճախ Հին ճանապարհի տղաները գետին չէին նայում, և շոր չէին հանում, այլ շորով իրենց գցում էին ջուրը և լողում էին՝ ջրի մեջ բարձր բռնած ուռենու ճյուղը և արևածաղկի ցողունը, որով մյուս ափին նրանք պիտի ծեծեին։

Երբեմն կռիվը բորբոքվում էր, անցնում էին ձեռնամարտի կամ խլում էին նրանցից մեկի գոտին, մյուսի գլխարկը կամ գերի էին վերցնում մի սպիտակ գիմնազիստի, որ վախից թարս էր հագել շապիկը և չգիտեր ո՞ւր է կոշիկի մեկը։ Սպիտակը լալիս էր, կանչում էր մամա... Իսկ Հին Ճանապարհի տղաները խոսում էին, թե ինչո՞վ ծեծեն նրա բաց մսերը՝ եղինջի թփո՞վ, թե՞ եգիպտացորենով։ Սակայն պատահում էր, որ նրանցից մեկը մեղքանո՞ւմ էր, թե՞ հիշում էր իր մորը, որ այդ գիմնազիստի հոր տան լվացարարուհին էր կամ նրանց վաղեմի հացթուխն էր։ Եվ նա երեսը շրջելով ասում էր.

– Թողեք կորչի գնա...− և նրանք թողնում էին, որ գերին արցունքը սրբելով շորերը հագնի։

Նրանցից ոմանք զարմացած նայում էին նրա սպիտակ շապիկին՝ եզերքը կարմիր կար, նայում էին մաքուր կոշիկներին, գուլպաներին և նախանձում էին։ Նրանց մեջ տղաներ կային, որոնք միայն մի շապիկ ունեին, քաթանե հաստ շապիկ, որ հագնում էին միայն ձմեռը։ Եվ այդ փոքրիկ վայրենիներն այնպես էին նայում, ինչպես նախամարդը կնայեր Տեր զի բազում ավագ քահանային։

«Ռուսները» հեռանում էին, սպառնալով հեռվից, երբեմն ապահով հեռվից քար էին շպրտում և այն ժամանակ Հին Ճանապարհի տղաները նրանց քշում էին մինչև թագավորական փողոցը, մինչև Մանուչար բեյի փողոցը և վերադառնում էին գետափ, որտեղ նրանք թագավոր էին։

Հին ճանապարհը թեև խուլ փողոց էր, բայց նշանավոր էր իր ալամ եսիր տղաներով։ Նրանց հայրերը՝ արհեստավորներ, ապա խաչևնի Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկով «կես պորցի»