Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/408

Այս էջը հաստատված է


բոզբաշ էին ուտում Ամիր-Աստանը, սալդատ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, նաև Բազարնիկ Խաչին, որ սեփական տուն ուներ Հին ճանապարհի վրա,– այդ մարդիկ կազմում էին մի առանձին խավ, մի քարացած շերտ, որ գալիս էր Հին Կյորեսից, ինչպես Հին ճանապարհը Կյորեսի Հին ճանապարհն էր դեպի Միջնահանդ, դեպի Սպիտակ քարերը՝ այն խոտհարքներն ու արտերը, որ վաղ ժամանակ եղել էին Կյորեսի հողագործների կալվածքը։

Այդ փողոցը տանում էր դեպի Շենը հին շուկայի հրապարակով, այնտեղ, ուր ներկարարի կարասներն էին, Մանգասար դայու հնաձև խանութը, համետ կարողներ և դարբիններ և որտեղ Ափունց Ակու-ամին աշխարհի չորս ծայրից ստանում էր ձորկեցիների տխուր նամակները...

Հին ճանապարհով էր անցնում Շենի նախիրը, երբ տարածված նախիրը քշել էր Սանդ աղբյուրի ձորը։ Կյորեսեցիներից նրանք, որոնց կալերը ջրաղացների մոտ էին, այդ փողոցով էին խուրձ կրում, որովհետև քաղաքի մյուս փողոցներում արգելված էր երթևեկությունը խոտ և խուրձ կրողների, նախրի և նախրապանի։ Հին ճանապարհը Կյորեսն էր Գորիս քաղաքի մեջ, Կյորեսն էր երկարածոր լեզվով, դժվար անուններով և խրթին բարբառով, իր գերի երեխաներով, որոնք Շենի տղաների հետ միացած կռվում էին բուլկի ուտողների դեմ, շարունակելով հին կռիվը, որ գալիս էր Ղաթրինի Աղալոյի առասպելական ժամանակներից։

Այդ հին փողոցներում էին այն մի քանի տները, որոնց մասին դժվար է ասել, թե ինչպես էին ապրում, բայց խոսք պիտի ասել, որովհետև նրանք ըստ ամենայնի հետաքրքիր մարդիկ էին, նրանք հին կյորեսեցիներ էին և իրենց գործերով անուն էին հանել, ինչպես Զիլֆուղար բեյը՝ կաշառակերությամբ, Պավլի բեյր` «Մշակ» կարդալով, Քյալլա Ծատուրը՝ ձեռագիր շարադրություններով, լիմոնադի գործարանի տերը՝ Շոր աղբյուրի ջրով և այլն։

Հին ճանապարհի այդ բնակիչները ո՛չ արհեստավոր էին, ո՛չ վաճառական և ո՛չ բեյ։ Նրանք երբեք մաճ չէին բռնել և ոչ էլ գիտեին իրենց պապեկան կալի տեղը։ Նրանք միայն լավ գիտեին Բարի Աջողումի գինետունը, որի առաջ մեծ ընկուզենին նրանց համար միշտ ստվեր ուներ, ինչպես Բարի Աջալումը՝ գինի։ Նրանք լավ գիտեին գետը և գետափի պարտեզները, Կյորեսի բոլոր ձորերը՝ հեռու և ահավոր, գիտեին անտառը, որ ինչպես մութ ճանապարհ սկսվում էր քաղաքի կողքից և անընդմեջ գնում էր մի օր, երկու օր, տասն օր գնում էր և անցնում էր Արաքսը՝ ռուս-պարսկական սահմանը և այնտեղից էլ ով գիտե ուր էր գնում անտառն իր գաղտնի ճանապարհներով։