Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/409

Այս էջը հաստատված է

Նրանք գինի խմողներ էին, նրանք անվանի մակարապետ էին, գլխավորն այն հրոսախմբի, որը երբ հարսանիքի գինին պակասում էր, բղավում էր՝ «մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...»։

Նրանց սննդատու մայրը գետն էր և անտառը։ Գարնանամուտին, երբ գետը պղտոր գալիս էր, հունը մինչև ափերը լի և պատահում էր, որ ափերից դուրս գալով գետը հեղեղում էր եզերքը, քանդում էր թույլ կամուրջները, արմատահան պոկում էր ծառերը և խորքում քարեր գլորում այնպիսի դղրդոցով, որ թվում էր թե փլվում են լեռները,– այդ ահարկու ժամին, երբ հին ճանապարհի բնակիչներն ահ ու դողով էին լսում գետի որոտը,– նրանք՝ աղ ու հացի եղբայրները ջրի մեջ որսում էին այն ձուկը, որ հարավից բարձրանում էր դեպի լեռնային աղբյուրները։

Գարնանամուտին Սալյանից, Ղարաբաղի տափաստաններից, մինչև անգամ շոգ Լենքորանից հազար-հազար մարդ, ոչխար, ուղտ, ձի քոչով և քարավաններով բարձրանում էին Զանգեզուրի լեռնային արոտները։ Այդ ահագին բազմությունն անցնում էր Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և աղ ու հացի մյուս եղբայրների կառուցած փայտե հասարակ կամուրջով: Նրանք կամուրջի վարձ էին հավաքում, բուրդ, ոչխար, դրամ և այդ ամենը գնում էր գինու և զվարճության։

Նրանք փորձված ձիավարներ էին և պատահում էր, որ Հաստ Ներսես բեյը կամ մի ուրիշ բեյ Բարկուշատի խաներից ընծա էր ստանում այնպիսի հրեղեն նժույգ, որին բեյը վախենում էր մոտենալ։ Եվ ահա կանչում էին Հին ճանապարհի վարժ ձիավորներին, բազմությունը հավաքվում էր հրապարակում և Դոլուն Կարին, մահն աչքի առաջ, խեղճացնում էր կատաղի նժույգին։ Վերջապես նրանք որսորդներ էին խուլ ծմակներում և ձորերում, որտեղ ոչխարի մոռացված աղաքարի վրա գիշերով իջնում էին պախրաները։

Ձմեռը գետը սառչում էր, ձուկն իջնում էր հարավ, որսը թաքնվում էր ով գիտե ինչ որջերում և պակասում էր նրանց գինեդրամը։ Այն ժամանակ լուրեր էին պտտվում, թե Ձորեկից կորել է մի երինջ, կորել է խոջա Բաղիրենց կովը, գիշերով մարդ է մտել Տեր զի բազումի մեղվանոցը և ձմեռն ի՜նչպիսի լուրեր չէին տարածում Գորիս քաղաքում։ Եվ նաև շշնջում էին, թե Խուռուփի ձորում գտել են կորած երինջի գլուխը, կովի հետքերը գնացել են մինչև գետափ և իբր թե Տեր զի բազումի մեղվանոցից մի արկղ մեղու թափել են ջուրը և ջրի ափին թողել են դատարկ արկղը։ Եվ ով շշնջում էր, ավելացնում էր նաև Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և մյուս եղբայրների անունը և լռում էր։