Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/410

Այս էջը հաստատված է

Ճի՞շտ է այդ, թե չար բամբասանք էր,– դժվար է ասել․․․ Բայց ստույգ է, որ ամառ ձմեռ, ամեն երեկո Հին ճանապարհով հարբած տուն էին վերադառնում եղբայրներից երկուսը, երեքը, երբեմն մի ամբողջ խումբ։ Նրանք քայլում էին, չուխաների փեշը կրծքով պատած մինչև ուսը, գդակները ծուռ, դանդաղ օրորվում էին, որոտալով երգում և հանկարծ փողոցի մեջտեղը կանգնելով անհայտ է ինչու հայհոյում էին, ինչպես մի ժամանակ Գյուրջի Օբին հրապարակում հայհոյում էր։

Երբ որոտում էին նրանց ձայները,– Ներսես բեյը,– այն, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ,– նա էլ թաքնվում էր դարբասի անկյունում կամ շտապում էր տուն մտնել։ Նրանք բեյերին չէին սիրում, նաև չէին սիրում, երբ իրենց փողոցում հանդիպում էին մի վաճառականի, որին մի մութ քամի բերել էր այդ խուլ փողոցը։

– Թող կորչի գնա՜...– ասում էր ընկերն ընկերոջը, իսկ վաճառականն արագացնում էր քայլերը, ինչպես սպիտակ գիմնազիստը, որ ահից կանչում էր մորը...

10

Մենք սկսեցինք հին ջրաղացներից, որոնք գետի աջ ափին, ընկուզենիների տակ և որտեղ ծերունի ջրաղացպանը, երբ չէր ննջում, պատմում էր Ցուլ Օհանի ժամանակներից, երբ ցորենն իբր թե հոնի կորիզների չափ էր և չկար այն հավի կուտը, որ շալակով ջաղաց էր բերել մի աղքատ կին։ Ապա անցանք նավթի պահեստի մոտով, որտեղից սկսվում էր քաղաքը և նկարագրեցինք հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն։

Այնտեղ կային ներկարարներ, որոնք ներկում էին կարասի կապույտ և թուխ մրուր և տորոնի կարմիր և ապա ներկած կտավները զոլ-զոլ փռում էին քարափների վրա և գույների խաղով զվարթացնում էին հին շուկան։ Այնտեղ կային կանացի չմուշկ կարող վարպետներ, որոնք կարմիր քոշ էին կարում նորահարսի համար, կանաչ միջահասակ կնոջ և նռան կլեպի գույն՝ այն պառավ այաների համար, որոնք գուցե հագնում էին վերջին զույգը։ Այդ շուկայում էր այն ղանավուզը և թիրմահին, որ ամբողջ քաղաքում այլևս չկար, միայն Մանգասար դային ուներ։

Այնտեղ էին հին դարբինները, որոնք անիվ կապել չգիտեին, բայց խոփը զոդում էին ինչպես պողպատե թուր և այնպիսի շղթաներ էին կռում, որ յոթ զույգ եզ քառասուն օր ծանր գութանը քաշում էին քար