Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/412

Այս էջը հաստատված է

երբ ձանձրանում էին, բերանն էին գցում ծամոնի մի կտոր կամ սկսում էին լույսի դեմ պահել ձվերը, որոնց անարատությունը նրանք ստուգել էին քսան անգամ... Եվ կամ վերցնում էին եզան պոչից ճանճաքշին և ճանճերի հետ բարձրանում էր փոշու ամպը։ Երբեմն Բադամ Բախշին քոշերը քստացնելով մոտենում էր պայտարին, որը ծառի ստվերում ննջում էր․

– Հերիք քնես, հարևան...

– Է՜...– և պայտարը ճմլթկալով հորանջում էր, հորանջում էր կոտրտելով մեջքի և բազուկների մկանները և չէր վերջանում նրա հորանջյունը, ինչպես արձագանքը, որ գալիս է բարձր սարից՝ նախրապանի կանչից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի դրնգա։

– Տաքը զոռում է հա՜...

– Մի բադյա նոր քաղած թութ լիներ, ի՜նչ կուտեի...

Մոտենում էր երրորդ հարևանը՝ ասիական դերձակ Դարզի Վաները, որ շալե շալվարի աղվեսիքի վրա նեղվել էր քաղցր նինջից և ջրակալած աչքերով այլևս չէր ջոկում ասեղը։

– Վաներ, ասում եմ մի բադյա թութ լիներ...

Իսկ Վաները դեռ ննջում էր։ Եվ հանկարծ քնից զարթնելով, Դարզի Վաներն ասում էր.

– Ա՜յ թե մի բադյա նոր քաղած թութ էր եղել...

Բայց պատահում էր նաև, որ Բադամ Բախշին, Դարզի Վաները և այն պայտարը վճռում և գնում էին Մեղրաքերծի տակ թութ ուտելու և հետո, մի քանի ամառ, նրանք պատմում էին, թե ինչպես մի անգամ երեքով գնացին Մեղրաքերծի այգիները...

Մենք սկսեցինք գետափի ջրաղացներից և Կյորեսի հին շուկայի միջով մտանք իսկական շուկան, որ Գորիսի թագն էր, նաև տեսանք այդ թագի գոհարը՝ Պասաժը՝ գոհարեղենի և ակնեղենի խանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով` Կուր դը բեժա, Դրուժբա, Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ օտարոտի էր, ինչպես Հայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում։ Որքան մեր ուժն էր, աշխատեցինք ճշմարիտ նկարագրել Ավագիմովների ավագ եղբայր Սողոմոնին, որին մենք չենք անվանել Ամբարի կատու, այլ գործ ենք ածել ժողովրդական անունը,– Ամբարի կատու Սողոմոնի ծանր զբաղմունքը և անկաշառ մտահոգությունը՝ սոված գյուղացիներին ապահովել ալյուրով և այն վաճառել առքի գնից պակաս, ինչպես երդվում էր նա, ձեռքը խփելով մեռոնաջրած երեսին։ Ոչինչ չենք ավելացրել խոջա Մակիչի բնածին բարության