Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/413

Այս էջը հաստատված է

վրա և նորից վկայում ենք, որ նրա սահմանած հաստատուն կանոնն էր հաճախորդին դատարկաձեռն ետ չվերադարձնել, որովհետև այդ նրա համար անպատվություն էր, ինչպես եթե հյուրը նրա սեղանից վեր կենար առանց մի կտոր հաց կտրելու։ Իսկ ինչ վերաբերում է նորահարսին նվիրած վարդ թաշկինակին, այդ կարող է հաստատել հենց, օրինակ, նորուեցի Սիմոն Նարինյանը («Նարինի թոռ Սիմին»), որն ի տրիտուր երեք արշին պատանքի կտավի, երեք տարի հետո խոջա Մակիչին նվիրել էր իր միակ կովը, նաև ասել էր.

– Աստված թող գլխիդ խռով չանի իմ կովը, խոջա Մակիչ...

Նույն արդարամտությամբ նկարագրեցինք Եփրատ Երեմի առևտրական կշիռը Գորիս քաղաքում, նրա խոսակցությունը Լյուդմիլա Լվովնայի հետ, հոր՝ խոջա Մակիչի ներկայությամբ։ Ասում ենք առևտրական կշիռը, որովհետև Եփրատ Երեմը քաղաքում այլ կշիռ ևս ուներ, ավելի ճիշտ՝ կշիռներ ուներ։ Նա պարագլուխն էր երիտասարդ վաճառականների, քաղաքային դումայի դեպուտատն էր և պրոգրեսիստները, որոնք դժգոհ էին քաղաքագլուխ Մատթևոս բեյից և սպառնում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ, իրար մեջ գաղտնի խոսում էին, որ նոր քաղաքագլուխ պիտի լինի Եփրատ Երեմը՝ Լյուդմիլա Լվովնայի բարեկամը և գավառապետի հետ բակարա խաղացողը։

Նրա խանութը հավաքատեղի և կենտրոն էր քաղաքի բարձր մտավորականության՝ բժիշկ Տիկրան Պետոիչի, անտառապետ Արամ Արկադիչի, թագավորական դպրոցի տեսուչ Սահակ Սերգեիչի և հաշտարար միջնորդ Սուդակինի, որը լիբերալ էր, հիանալի գիտեր լատիներեն և իբր թե ոտանավորներ էր գրում... Այդ բնտիր հասարակության ժամադրավայրն էր Եփրատ Երեմի խանութը։ Իսկ ինչ վերաբերում է Լյուդմիլա Լվովնային, նա այդտեղ միշտ գալիս էր իր շնիկի հետ, տիկին Սառա Կասպարովնայի ընկերակցությամբ և սուտ է, թե իբր Եփրատ Երեմը այգիներում շոշափել է Լյուդմիլա Լվովնայի պատիվը։

Գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյի և Պենզայի 686-րդ դրուժինայի երիտասարդ սպայի մասին հարևանցի ակնարկեցինք, ինչպես հարևանցի հիշեցինք այն հովվին, որ հրապարակի ժխորի մեջ կանչում էր իր կորած շանը՝ անհանգստացնելով քաղաքագլուխ Մատթևոս բեյին։ Այդ այն պատճառով, որ նրանք՝ Ավթանդիլ Խուրշուդ բեյը, երիտասարդ սպան և շուն որոնող հովիվը պատահական էին շուկայում, ինչպես գետնի երեսով անցնող անգղի ստվերը։ Այդ սակայն չի նշանակում, թե Ավթանդիլ Խուրշուդ բեյը աննշմարելի անձնավորություն