Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/414

Այս էջը հաստատված է

էր Զանգեզուրում... Նա այնքան ահարկու էր, երբ, օրինակ, անտառից գութանի փայտ կտրած գյուղացիներին կանչում էր հարցաքննության։ Նա ծառ շատ էր սիրում և մինչև անգամ ափսոսում էր դալար ճյուղերին, ուստի և գյուղացիներին ծեծում էր եզան ջիլերից հյուսած մտրակով...

Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ։ Արևն ընկնում էր դեղին դմակների վրա և առաջինը մոտենում էր շուկային պահակ Կետանը, ապա մյուսները միևնույն կարգով ու ծեսով, ինչպես նույն ծեսով ճաշում էր Հաստ Ներսես բեյը։ Գուցե միայն կիրակի օրերն այդ կարգը խանգարվեր, որովհետև երբեմն կիրակի օրերը միս էին առնում ներկարար Նեսին, լվացարարուհի Մինան և պատահում էր, որ Հայաստանցի Ավետիսն էլ մի գրվանքա միս էր առնում։ Այդ ժամանակ խոջաներից մեկն ասում էր.

– Շեն քաղաք ես, Գորիս, որ մինչև անգամ ղարիբ Հայըստունցին էլ է միս առնում...

Գարադաբուլդի Մուխանի ձեռքով միսն ուղարկեցինք Հաստ Ներսես բեյի տունը ոչ այն դիտումով, որ ցույց տայինք, թե ինչքան սերտ բարեկամություն կար Ներսես բեյի՝ գավառային վարչության դիվանապետի՝ Զանգեզուրի կես-գավառապետի, և մի խեղճ պաշտոնյայի միջև, որը թեև ոստիկան էր և թուր ուներ նարնջե ծոպերով, բայց լինելով բուն կյորեսեցի, երբեմն տրեխ էր հագնում և գնում էր խոտհնձի։ Մեր դիտումը չէր ցույց տալ երանելի համերաշխությունը սանդուղքի երկու ծայրերի, որովհետև այդ նպատակով կարող էինք ասել, որ Ներսես բեյը, հետկեսօրյա քնից առաջ, երբ արձակում էր տուժուրկայի կոճակները, հարցնում էր կնոջը.

– Վարսեն, Մուխանին բան-ման տվի՞ր...

– Տվի, Ներսես բեյ, մի հին շալվար ունեիր, տվի...

Միսը Մուխանի ձեռքով ուղարկելով՝ մեր բուն նպատակն էր խոհանոցի խորքից լույս աշխարհ հանել տիկին Վարսենիկին, որը թեև Հաստ Ներսես բեյի կինն էր և ուներ չորս երեխա, բայց միևնույն ժամանակ Գորիսի Հայ կանանց միության փոխ-նախագահուհին էր և շնորհիվ նրա եռանդուն ջանքերի, Զանգեզուրի գավառապետը մուծել էր տասը ռուբլի՝ հօգուտ որբերի և այրիների... Պատահում էր, որ տիկին Վարսենիկը ճաշից հետո շտապում էր իմանալ, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, բայց միաժամանակ նույն տիկին Վառինկայից նա տեղեկանում էր Միության առկա գումարի մասին, որովհետև տիկին Վառինկան կանանց միության գանձապահուհին էր և