Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/417

Այս էջը հաստատված է


ինչի նրանցից շատերը պուֆ անելով մրոտում էին այն փիրուզե երկինքը, որ քաղաքի վրա կախվում էր արծաթ և ոսկի աստղերով և որին մի անգամ անարգել էր նույն Հաստ Ներսես բեյը, Ճաղար Մուղրովի մեդալներով զարդարված կուրծքը նմանեցնելով Գորիսի երկնքին։

Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները և ի՞նչ ազգի մարդիկ էին և ի՞նչ լեզվով էին խոսում... Ոչ մի հոգևոր շահ չունեին Գորիսի բնակիչները, ընթերցող, և նույնիսկ քաղաքի ավագ քահանա Տեր զի բազում տեր Զավենը, լուսավորչական հավատի գավազանը երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրան աջահամբույր տար։ Իսկ ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին, ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային։ Միայն Պավլի բեյն էր, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում էր Սյունյաց նախարարության վերադարձը։ Իսկ Հաստ Ներսես բեյը և մյուս բեյերը գիտեին, որ աշխարհում կա պետ և ստորադրյալ և արանքում հարկավոր է թուղթ խաղալ, ուտել և ձանձրանալ, ձանձրույթից հորանջել, հորանջելով բամբասել, աղջիկներին տեղաց անել, տղաներին դարձնել ավելի բարձր պաշտոնյա, այսինքն դարձյալ տեղաց անել նահանգային դեպարտամենտներում։

Նույնն էին նաև խոջաները և միայն նրանց որդիները, որոնք պրոգրեսիստ էին և Պասաժում խանութ ունեին,– պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին և հաշտարար միջնորդ Սուդակինը՝ սարսափելի լիբերալ, ինչպես անվանում էր Լյուդմիլա Լվովնան,– կարծիք էր հայտնում, թե Մարկով 2-րդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն, այնինչ Տիգրան Պետոիչը, որ ոչ պրոգրեսիստ է և ոչ էլ լիբերալ, այլ անկախ մտածող էր, հակառակ կարծիքի էր։

Պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում ծայր էր առնում այդպիսի վեճ համապետական խնդիրների և ոչ, օրինակ, մաղաշարի և չոր թթուի շուրջը, բայց այդ վեճն էլ վերջանում էր հորանջյունով և եթե նույնիսկ հորանջյունով չվերջանար, այլ վերջանար մի շիշ խերեսով, որ Եփրատ Երեմը բաց էր անում ի նշան հաշտության,– դարձյալ հոգևոր շահից չէր այդ վեճը, այլ այն ահռելի ձանձրույթից, որ քաղցր ծորում էր ամբողջ Գորիսում։

Նույնիսկ եթե ասենք, թե տարին մի անգամ Հաստ Ներսես բեյն ունենում էր հոգևոր շահ, երբ, օրինակ, պարոն Արշակը նրան մատուցում էր մի պատվավոր տոմս, որի վրա գեղեցիկ գրչագրով նույն պարոն Արշակը գրել էր․ «Մեծապատիվ պարոն Ներսես բեյ, Գորիսի հայոց