Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/418

Այս էջը հաստատված է

ծխական դպրոցի սիրող-սիրողուհիների խումբը խնդրում է Ձեզ Ձեր ներկայությամբ պատվել թատերական հանդեսը հօգուտ...»– երբ Ներսես բեյը հետկեսօրյա քնից հետո ընդունում էր պատվավոր տոմսը, հարցնում էր, թե ուրիշ ո՞ւմ են հրավիրել, համեմատում էր իր աթոռը և կարգը մյուս բեյերի աթոռների ու կարգերի հետ և ապա մի արծաթ ռուբլի էր տալիս,– տարին մի անգամ հոգևոր ստվերի նման երևում էր և այդ կարելի էր մանրամասն պատմել, որովհետև այդ պատահում էր տարին մի անգամ,– բայց դարձյալ չի կարելի ասել, թե ի՞նչ ազգի էր Ներսես բեյ Ջումշուդովը և ի՞նչ լեզվով էր խոսում և առհասարակ ի՞նչ լեզվով էին խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում էր քաղաքի ավագ քահանան և տնեցիները՝ մեծից մինչև փոքր կռանում և համբուրում էին հայ լուսավորչական խաչը։

Այդ ամենադժվարն է ասել, թե ի՞նչ ազգի էր Զիլֆուղար բեյը, որ վարժ խոսում էր թուրքերեն և ռուսերեն, իսկ հայերեն թեմական հաջորդին ասում էր աճուրդ, հայ դպրոցի աշակերտին՝ մոնթ, հայ գյուղացուն՝ էշ հայվան, հայ ուսուցչին՝ վարժապետ, Գորիսի Հայ կանանց միությանը՝ Տիկին Օլինկայի կլուբ, հայերեն թերթին՝ վարժապետի գազեթ, որի տան դահլիճի պատերը զարդարված էին Էջմիածնի, Լոռիս-Մելիքովի, Մադաթովի և այլ գեներալների նկարներով, որոնցից մեկին՝ Ֆլիգել-ադյուտանտ Բեժանբեգովին զարմանալի նման էր Զիլֆուղար բեյը. նույն նեղ ճակատը, հոնքերը՝ ոզնու փշերի նման ցից, քիթը բարձր, բայց ոչ մսոտ, այլ չոր և կաշին պիրկ, այնպես որ, երբ Զիլֆուղար բեյն ասում էր՝ «իմ հորս պապը Խաչենի Մելիք-Թյունանն էր»,– ձայնը քթի մեջ դմբդմբում էր, ինչպես կարասի մեջ։

Իսկ Ասատուր բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ արձակում էր հնչյուններ և ձայներ բը՜ռռ... որ նշանակում էր, թե նա ճաշից դժգոհ է, որովհետև Ասատուր բեյը ոչ ասունաս էր խաղում և ոչ նարդի, այլ սիրում էր որձ այծի միս․ դա՜աս, որ նշան էր հավանության, նաև վկայում էր աշխարհի ունայնությունը, որովհետև այդ ասելով Ասատուր բեյը հառաչում էր։ Քառասուն տարի նա եղել էր գավառային արխիվարիուս և ոմանք դրանով էին բացատրում նրա լեզու չիմանալը, որովհետև քառասուն տարի նա մեռած թղթերի հետ էր խոսել, այսինքն ասել էր բըռռ, երբ գտել էր, որ ժամանակին նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը, ասել էր դա՜աս, երբ ձեռքն էր ընկել քսանհինգ տարի առաջ գավառապետի ռապորտը Գորիս գետի վրա կամուրջ կապելու անհրաժեշտության մասին և վերջապես հը՜մմ էր ասել, որ