Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/42

Այս էջը հաստատված է

է, հողը պիտի գյուղացուն տալ, ժողովուրդը սոված է, դրա համար էլ պիտի ջարդել գերմանացուն, կռիվ մինչև վերջ։ Ջահել տղան էլ խոսեց, հետո ընտրություն արին։

Իսանանց մեծ տղան, Խաչումենց Օհանը և տանուտերը դառան կոմիտե։ Ժողովրդից մի մարդ ասաց, թե տանուտերին չեն ուզում, արնախում մարդ է, բայց գզիր Զաքին աչքերը նրա վրա այնպես ոլորեց, որ խեղճի լեղին ցամաքեց։ Տեր Գևորգը վկայեց, որ տանուտերը խղճով մարդ է, ժողովրդին կարեկից ու հոգատար։

Ժողովից հետո նոր կոմիտեն, տերտերը, վարժապետ Մինասը, ջահել տղան, պիսիրը, գզիր Զաքին և էլի ուրիշ մի քանի հոգի Իսանանց տանը ճաշ արին, կերան-խմեցին, երեկոյան դեմ վարժապետն ու ջահել տղան մի քիչ կոնծած՝ վերադարձան քաղաք։

Հաթամի աղջիկն այդ ամենը պատմեց ամուսնուն։ Վանդունց Բադին նախ չհավատաց, թե ջրի խաբար է, ապա ինքն իրեն սիրտ տալ սկսեց․

− Կարող ա կռվին վերջ տան, Հաբուդը տուն գա։

Հաթամի աղջիկը բան չէր հասկանում այդ ամենից։ Նրա ականջին էր հասնում անկապ խաբարներ, լսում էր անհասկանալի խոսքեր։ Քաղաքի մեծավորին բռնել են, բանտ նստեցրել, հիմա էլ նորից պիտի սալդաթ հավաքեն, մահ կամ ազատություն։ Թագավոր չկա, համա կռիվ կա։

Գյուղի կոմիտեն գործի էր անցել։ Իսանանք իրենց խանութի ապրանքն սկսել էին ավելի թանկ ծախել, ոսկի էին գանձում, պարտքի դիմաց ցորեն ու պանիր հավաքում, ուղարկում քաղաք։

Վարժապետ Մինասը մի անգամ էլ եկավ, ժողով արեց, խոսեց դաշնակցսւթյան մասին, մենշևիկին ուշունց տվավ և ասաց, թե ով դաշնակցական չի, նա հայ չի։ Գեղը տեղով մի ձայն տվավ, գրագետները մի թուղթ ստորագրեցին, որ պիսիրն ու վարժապետն էին կազմել։

Վարժապետ Մինասն ասաց, որ շուտով գալու են հողերը չափեն։ Հարուստից խլեն, աղքատին տան, չունևորին ճոթ ու կտոր են տալու, ամեն գյուղում մի կոոպերատիվ պիտի բացվի, ամեն գյուղում երկու բժիշկ, երեք ուսուցիչ պիտի լինի,−միայն թե հարկավոր է ձայն տալ դաշնակցականի ցուցակին, որ գնան, մեր ցավերը պաշտպանեն ամենամեծ ժողովում, որտեղ Ռուսաստանի բոլոր ազգերը պիտի հավաքվեն։

Գյուղացիք արին այն, ինչ որ ասում էր վարժապետ Մինասը։ Նրանք ավելի շուտ Իսանանց մեծ ախպորն էին լսում, ուշադիր նրա աչքերին նայում, ով կարար նրա դեմ խոսել, նրա խոսքից դուրս գալ։ Մեկը նրան ցորեն էր պարտ, մյուսը մի քանի արշին կտոր պիտի առներ խանութից, մի գրվանքա շաքար,− ո՞վ էր գժվել նրան հակառակ գնար։