Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/420

Այս էջը հաստատված է

էր, նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը․ մեկն ասում էր սանադ, մյուսը՝ վեկսել, մեկը դրամը թումանով էր հաշվում, մյուսը՝ ռուբլիներով, հայրը կտավը չափում էր գյազով, որին ասում էր խանարշին, իսկ որդին ռուսական կտավը չափում էր ռուսական արշինով։ Այնքան էր զանազան նրանց լեզուն, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու։

Ուրիշ էր Կյորեսի լեզուն, որով խոսում էին Հին ճանապարհի բնակիչները, հին շուկայի արհեստավորները և խոսում էին կամուրջից այն կողմը՝ Շենի բոլոր թաղերում, Ցաքուտ, Նորու և Ձորեկ գյուղերում,– այն լեզուն, որին տիկին Օլինկան անվանում էր շենավարի լեզու, ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին։

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալաչներ։ Հապա Դոլուն Կարին... Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ... և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին... Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղբաքերծը կդրնգար։

Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը։

– Տիեյերի հացերը մրսել են,– կասեր Աթա ապերը, չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ, բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը։

– Հորա՜ է, հորա՜,– և էլի ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարքը, և ով կյորեսեցի էր, նա հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը։

«Իրանի Թուրանում չկար քեզ բարաբար,
Դառն ես դառել, հե՜յ Զանգեզուր...»

Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց