Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/424

Այս էջը հաստատված է

ապառաժին դեմ առնե՞ս... Չէ՛, տերտեր, իմ գլուխը չի մտնում, էնտեղից էստեղ մարդ չի գա: Հենց իմ ասածն է, որ կա։

Իսկ Ավան ամու ասելով, Կարմրաքարի տեղը շատ առաջներում անանց անտառ է եղել և անտառի միջով, գետի ափով միայն մի նեղ արահետ։ Ո՛չ բերդ է եղել, ո՛չ քաղաք և ո՛չ էլ տաճար։ Հիմնադիրը մի գնչու է եղել, որն իր կնոջ և էշի հետ անցնելիս է լինում արահետով: Հանկարծ կնոջ ցավերը բռնում են, գնչուն խոսք է տալիս, որ եթե կինը տղա բերի, ինքը ձեռք է քաշելու թափառական կյանքից և հենց այդտեղ էլ տուն է շինելու։

— Չվանը ետ է տալիս, ծառից կապում... Կնիկն էլ գնում է ծառի շվաքարանում պառկում։ Մինչև էշի փալան վերունելը, կնիկը մի տղա է բերում... Էն օրից էլ էս գյուղն ստեղծվում է։ Դե հաշիվդ ա՛ռ...

Գյուղացիներից շատերն էին համամիտ Ավան ամու ասածներին։

— Խելքը գլխին մարդը չի գա էս քար ու քոլի մեջ տուն շինի... Էն է ոտքերը ջարդված բոշա պետք է լինի, որ էստեղ վեր ընկնի ու մեռնի... Թե չէ Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Այս խոսքն ասելուց, զրույցն հին օրերից դառնում էր առօրյայի շուրջը և ամեն մարդ մի պատճառ էր բերում, թե ինչու Կարմրաքարում ապրելը դառն է։

— Տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կոխ կենաս, մաճը բռնած, է՛ս ցաքուտը վարես, է՛ն քարի տակ սերմ գցես, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք, պարկը դատարկ։ Ես իմ աստվածը, արանի թուրքերը որ չլինեին, մեր օրը սև էր,— ասում էր Ունանը, որը ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ:

Ինչքան էլ քարոտ և կոշտ լիներ հողը, ինչքան էլ տափը սարալանջ լիներ, Ունանը և ոչ մի ակոս ծուռ չէր տանի։ Ակոսն ակոսի վրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի ուղիղ գծերով։ Պատահում է, որ խոփը դեմ է առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին։ Եզները հանկարծ ձգում են, խոփը թափով քարին է դիպչում, կտրատվում են փոկերը, մաճկալն ընկնում է մաճի վրա և եթե մի տեղը չվնասվի, ատամները թափով իրար պիտի կպչեն, աչքերի առաջ մթնի։ Իսկ Ունանի վարը միշտ առանց փորձանքի էր։ Մաճից կախ ընկած, աչքը խոփի ծայրին, լուռ հետևում էր վարին և ճիշտ ժամանակին զգում, թե քար կա հողի տակ, փորձանքը մոտենում է. իսկույն մաճը վեր է հանում, կողքին թեքում, եզները քաշում էին և նորից խոփը խրում հողի մեջ։

Այդքան աշխատելուց հետո, նրա մեկը երկու չէր դառնում։ Ամեն ձմեռ Ունանը պարկերը շալակին գնում էր տափարակի թուրք գյուղերը,