Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/425

Այս էջը հաստատված է

ճանանչ մարդկանցից ցորեն կամ գարի փոխ առնելու։ Ամեն տարի այդ նույն պատմությունը կրկնվում էր։ Ունանը խոսք էր տալիս՝ որ վերջին անգամն է մաճ բռնում, էլ երբեք վար չի անելու։

— Գնամ նոքար մտնեմ, սրանից տասնապատիկ լավ կապրեմ... Չկա՛, չկա՛, Կարմրաքարում ապրուստ չկա,—ասում էր նա, բայց հենց ձյունահալը վերջանում էր թե չէ, խոնավությունն սկսում էր գոլորշիանալ, հողը փափկանում էր, մեղմանում էր և Ունանը, օրը մի քանի անգամ նայում էր սևին տվող գյուղի հանդերին,—ուր դեռ ձյունի կիտուկները մնում էին ձորերում ու փոսերի մեջ,–հողը տրորում էր կոշտ մատներով և մոտենում՝ ամբողջ ձմեռը ձյունի տակ ընկած արորի սարքը նայելու։

— Ասում ես թուրքերը որ չլինեն... էլի նրանք են ձեռք բռնում,– վրա էր բերում մի ուրիշը,— ախր քա՛նի մին, քա՛նի մին... Մեր գյուղում էլ կա ձեռք բռնող... Սև լինի էն օրը, որ մարդ էդ ձեռքը բռնի։ Լավ է երեխեքը տկլոր մնան, քան նրանց դուռը գնաս...

Բոլորն էլ լռելյայն հասկանում էին, թե խոսքն ո՞ւմ մասին է։ Հասկանում էին և լռում։ Ամեն մարդ իր մտքի հետևից էր ընկնում։

Բայց եթե գյուղի հիմնադրման մասին Ավան ամու և Տեր Նորընծայի վեճը համարյա ամեն տեղ կարող էր ծայր առնել, միայն լսող լիներ,– Հիբանի որդիների մասին խոսք լինում էր միայն սակավաթիվ խմբակի մեջ և այն էլ եթե լսողները յուրային էին։ Օրինակ, եթե երևար Գոգին՝ լերկ երեսով, դեմքի մաշկը ծալ-ծալ ու մանրիկ աչքերով Գոգին, որ շատ քիչ էր խոսում և ինչ էլ ասեին, միայն ծպտում էր, աչքը հեռուն գցում, իբր թե չի լսում,—եթե Գոգին երևար, մեկը պիտի զրույցը հաներ ակոսից, Ունանի մաճի պես թեք գցեր, մինչև Գոգին հեռանար։

Եթե նա մոտենում էր Ունանի խոսքի վրա (իսկ Գոգին այնքան աննկատ էր մոտենում, որ մի պահ չէին տեսնում և տեսնելուց էլ խոսողը դժվարանում էր որոշել, թե նա որ խոսքի վրա եկավ),– այդ կարճլիկ, թիկունքը լայն և ոսկորը պինդ մարդը, որ ծանր արորն ակոսից այնքան հեշտ էր հանում,— Ունանը՝ խեղճանում էր, մի կողմի վրա քաշվում և ասում.

— Նստի՛, Գոգի... Չես երևում... Ասում եմ էս տարվա աշունքվարը մի քիչ ետացավ։

Գոգին քթի տակ ժպտում էր, հեռուն նայում և կամաց հեռանում։ Իսկ Ունանը փշաքաղվում էր, մեջքն ավելի ամուր հենում Բոլոր-քարին։