Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/426

Այս էջը հաստատված է

Բայց երբեմն Ավան ամու և Տեր Նորընծայի խոսակցությունը Կարմրաքարի առօրյայի մասին տաքանում էր, մանավանդ, եթե նստածների մեջ երիտասարդներ էին լինում, որոնք ավելի շուտ Ավան ամու հետ էին և պաշտպանում էին նրա խոսքը, թե Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Նրանք ավելի տաք էին խոսում։

– Տերտեր, հենց թող քո ասածը լինի. էն ժամանակ քա՞նի ծուխ կար մեր գյուղում։

Տեր Նորընծան դանդաղ պատասխանում էր.

– Ըստ շնչակրական մատենույս և իմ ասմունք գրքի 19 ծուխ արքունի գյուղացի, որպես ալհադդա ցուցակ... Նաև գյուղացվոց վայելման տակ գետնաբաժին հարյուրը հիսուն օրավար բարահիր հող... Մեր Ցաքուտը, Երկայն տափերը, Քառասնաջուրը... Մի առ մի գրված և Կովկասու փոխարքայից հաստատված...

– Հիմա էլ հարյուր տասը խարջ տվող տուն ունենք... Էլի էն Ցաքուտն է, էն Քառասնաջուրը... Դե Հիբանի տղորց արտերը բեր բաժին անենք, տես ո՜նց ենք կառավարվում...

– Այ որդի, հողը չի պատճառը... Ազգաբանության մեջ սեր, միաբանություն չկա։ Առաջվա լիությունն էլ չկա. ահա քեզ արմատ չարյաց։ Թե չէ ինչ ես տակից և գլխից խոսում,–մի քիչ չարանալով ասում էր Տեր Նորընծան, ավելի արագ գլորում թազբեհի հատիկները։

– Տես ինչեր են խոսում... Մեր ժամանակն ո՜ւր... Հեզ էինք, որպես գառ,– մտածում էր քահանան և ապա թազբեհի հատիկները մեկ-մեկ իրար վրա դարսելով դանդաղ ավելացնում.

– Հիբանի հողերը բաժանք անես, ամենայն մի շնչի մին օրավար չի հասանի... Դորանով յարան չի սաղանա, ա՜յ օրհնյալ... Ազգաբանությունը թող հաշտարար ապրի, տես, թե ինչպես առատություն լինի ամենայն մին բանի։

Իսկ երիտասարդն ավելի էր տաքանում։

– Էս քեզ միաբանությո՜ւն, տերտեր, բա որ մինը ձմեռը սխտորած ավելուկ էլ չի ճարում, որ փորը տաքացնի, մինն էլ գառան փլավ է ուտում, վրան էլ նռան ջուր խմում, որ մարսի... Սրան ի՞նչ կասես։

Ավան ամին ժպտում էր, տեղը շարժվում և ավելի հարմար նստում։

– Այ թե հա՜... տերտեր,– և ժպիտը դառնում էր թեթև ծիծաղ, կապույտ աչքերը փոքրացնում էր, ավելի արագ թարթում, ասես երիտասարդին աչքով էր անում, որ ավելին ասի։

– Էս էլ քու հագարացու աշխարհը չի, որ լեզվակոխ անես... Ասի՛,