Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/429

Այս էջը հաստատված է

– Հը՞,– ջաղացպանի դեմքի մկանները կծկվում էին, լսողությունը լարում էր։ Հարցը տվողը կրկնում էր և ավելացնում.

– Դե թող նրանք էլ մեզ պես ապրեն... Շալուն Սիմոնի ոսկո՞րն է հաստ, թե՞ Եփրեմի։

– Այ հա՜յ... Անդրի՛, դե պատասխանը տո՛ւր։

Շալուն Սիմոնը Կարմրաքարի այն բնիկներից էր, որոնք ընչազուրկ դառնալով, տնից ու հողից զրկվելով, տեղավորվում էին գյուղից մի քիչ ներքև, գետի ափին ընկած հին և կիսավեր մարագներում։ Գյուղի այդ մասում ապրողների ամենից «հարուստը» մի քանի ժանգոտած պղինձ ուներ, կոծկած կարասի և կուժ ու մի քլունգ, որով փորփրում էին անտեր և անբերրի հողերը ու ձեռքով շաղ տալիս կորեկ։

Ջաղացպանը նեղն էր ընկնում և փայտի ծայրով գետնի վրա մի քանի խազ ավելի արագ քաշելուց հետո, չարացած պատասխանում.

– Նրանց էլ պատիժ է ուղարկել, որ միշտ գլխիդ վայ տաս...

Հենց այդ ասեր թե չէ, Ավան ամին զրույցի նյութը փոխելու համար, ասում էր ջաղացպանին․

– Քո ի՞նչ բանն է էս ջահելի հետ գլուխ ես դնում։ Քոնը Ռուստամ Մայիֆի պատմությունն է։ Մի ասա է՜, շահը ոնց կանչեց նազիր վեզիրներին...

Ավան ամին գիտեր նրա թույլ կողմը։ Ջաղացպանի դեմքը ուրախությունից պայծառանում էր, զրույցն էլ հանդարտում էր, ինչպես ծանծաղուտում կորչող լեռան սրընթաց գետակ։

Կարմրաքարում ոչ ոք ջաղացպանի նման պատմություններ չգիտեր։ Ավան ամին էլ էր ծանոթ հին կյանքին, Տեր նորընծան կարդացել էր «Սրբոց վարքը» և ուրիշ գրքեր, բայց ջաղացպանի նման ոչ ոք չէր կարողանում պատմել։ Նա հնարում էր, ստեղծում։ Ինչքան ավելի էր հնարում, ավելի էր ստեղծում, նրա ոգևորությունն այնքան կրկնապատկվում էր, ձայնը դողում էր, և լսելն ավելի ախորժելի էր դառնում։ Նա պատմում էր ամեն տեղ՝ ջաղացում, ձմեռվա երկար գիշերներին, նրանց համար, որոնք աղուն էին բերել, գյուղի պատերի տակ՝ եթե ազատ էր և գյուղամեջ էր դուրս եկել, գետի ափին, ուր նա ժամերով նստած նայում էր Մարցա ջրի պղտոր ալիքներին։

Նա գիտեր ինչ աստղ երբ է դուրս գալիս։ Եթե լուսադեմին մառախուղ է լինում, ապա ցերեկով ի՞նչ եղանակ պիտի լինի, եթե երաշտ է ու հանկարծ պարզկա երկնքում որոտում է կայծակը, ինչու պիտի դեղնաջուր թափի և ոչ մաքուր անձրև։ Մարցա ջրի բնույթը նա ուսումնասիրել էր շատ մանրամասն։ Ձմեռվա կեսին, երբ սար ու ձոր ձյունով