Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/430

Այս էջը հաստատված է

էին պատած, իսկ գետակը սառույցի տակ դժգոհ մռռում էր, ջաղացպանը զրույցի մեջ հայտնում էր, որ գարունը բացվելուց Մարցա ջուրը շատ չարություններ է անելու։ Այդպես էլ պատահում էր․ գարնանը գետը հորդանում էր, և ափերից դուրս գալով, վնասում մարագներին, քանդում գետափի բոստանների պատը և հաստաբուն ծառերը բերանն առած փախչում կամ ծառս տալով իր պղտոր գրկի մեջ առնում սպիտակ գառնուկին, որ խաղալով ու թռչկոտելով մոտենում էր, ապուշ-ապուշ և զարմացած նայում գետից վեր թռչող ալիքներին, որոնց ցայտունը մի վայրկյան դիպչում էր դնչին ու մեկ էլ ոտքերը կտրվում էին գետնից։

Ջաղացպանը լավ հեքիաթներ գիտեր։ Ինչ էլ պատմեր՝ շահի օրերից մի առասպել, Ռուստամ Մայիֆի պատմությունը, թե հին հեքիաթ,– նա վերջացնում էր առակով, ինչպես Տեր Նորընծան էր ասում՝ «իմաստության քաղմունք» անելով։ Երբ ունկնդիրները ազդվում էին նրա պատմածից, ամեն մեկը հայացքը մի բանի հառած, մտքում կրկնում էր պատմությունը, կամ ինքն իրեն հարց տալիս, թե ինչու է այդ պատմությունը դուրեկան,– ջաղացպանը վիզը թեքում էր, ձեռքով ալյուրի փոշին քուրքից կամացուկ թափ տալիս և քթի տակ չքմեղ ժպտում։ Նրա նստվածքը, թեք պահած վիզը, ջրակալած աչքերը, որ պարզ չէին երևում ալրոտ մազերի ու սպիտակ դեմքի վրա, այդ ամենը ասում էին ունկնդիրներին, թե պատմածի մեջ ինքը ոչ մի դեր չունի, նրանցից ամեն մեկն էլ կարող է պատմել իր նման, միայն գիտենա այն, ինչ ինքն է ձեռք բերել տարիների փորձով։

Իսկ այդ գիտեցածը այն անտարբեր, կես արհամարհական վերաբերմունքն էր, որ նա ուներ դեպի մարդը, նրա հոգսերն ու շահերը։ Ջաղացպանի ասելով մարդու պատմության լավ մասն անցել է։ Աստված մի անգամ է սփռոցը բաց արել, շուրջը նստել են նրանք՝ հին հսկաները, որոնց ոսկորները հողի խորունկ ծալքերից այժմ լույս աշխարհ է հանում Այրումի բարակ առուն։

Հիմիկվա սերունդը ժեռ է, մանր, նրա պտուղը դառնահամ և ինչ էլ անեն, ետ չի գա այն ժամանակը, երբ ցորենն ինքն իրեն էր բսնում, մարդ ամեն ծառի տակ կարող էր օթևան ունենալ և ինչպես պապն էր պատմել Կարմրաքարից որ կողմն էլ գնայիր, երեք օր, երեք գիշեր մարդու չէիր հանդիպի բարի օր ասելու։ Այդ ժամանակներն անցել են, սփռոցը մնացել է... Այժմ մարդիկ կրծում են նրանց թողած ոսկորները, գլուխ են ջարդում նրանց փշուրները հավաքելու։ Երբեմն նա Տեր Նորընծայի հետ, ինչպես Ավան ամին էր ասում, «ծնոտ էր ծեծում» ապացուցելու,