Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/432

Այս էջը հաստատված է

մեռնում։ Հոր մահն ուշքի է բերում նրան։ Տուն է դառնում և գլուխը քաշ ապրում, տիրություն անում հորից ժառանգություն մնացած ջաղացին։ Շատ տարիներ հետո, երբ սպիտակած մազ ուներ, Անդրին համաձայնվում է ամուսնանալ, լսելով Տեր Նորընծայի հորդորը, բայց ավելի շուտ Ավան ամու թախանձանքը և կնության է առնում Զրիկ գյուղից որբևայրի Եղսանին, որից և ծնվում է Բարիկոն։

Ջաղացն Անդրու համար կենտրոն էր, ուր ամեն ինչ կարելի էր իմանալ։ Բերում էին աղալու ցորեն, գարի, գալիս էին մոտակա գյուղերից հայ, թուրք։ Բազմաթիվ ճանանչ ուներ և բոլորի տան ու տեղին, ունեցվածքին, նրանց հետ պատահածին նա տեղյակ էր։ Բերած աղունից նա գիտեր, թե բերքն ինչպես է։ Երբ նոր ցսրենի բեռներն իջեցնում էին,— ջաղացպանը մոտենում էր, ձեռը կոխում պարկի մեջ, ապա բուռը մոտեցնում աչքերին։ Ցորենի ձևը, մաքրությունը, լղարակն ու տռուզը, բարակ փոշին, որ նստում էր ձեռքին,—բոլորը մի-մի նշան էին, որից նա հասկանում էր, թե տարին ինչպես է անցել, ինչ հողումն է ցանած և ինչից է, որ ցորենի հատիկը մեծ է, բայց մեջը փուչ։ Աղքատին և հարուստին նա գիտեր ջոկել ոչ միայն պարկերից, հագուստից, ձիերի և ջորիների սարքից, այլև ցորենից։ Հարյուր միանման պարկ եթե կողք֊կողքի շարեին, նա կճանաչեր այն պարկը, որի մեջ էր Դերվիշ Հյուսեյնի ցորենը։ Դերվիշը Զեյթա գյուղից էր: Նա ոչինչ չէր ցանում. նրա պարկինը հարյուր կալից մի-մի գուշով էր հավաքված։

Մարդը շատ լինելուց, զրույցն էլ հետաքրքիր էր անցնում։ Եթե լուսնկա և զով գիշեր էր, նստում էին ջաղացի դռանը, ընկուզենու տակ։ Երբեմն կրակ էին անում և փոքրիկ թոնրի մեջ ջաղացի անալի բլիթներ թխում, նոր աղած և տաք ալյուրից։ Զրույցն ավելի հետաքրքիր էր դառնում, երբ եկողների մեջ լինում էին այնպիսի մարդիկ, որոնց հետ դեռ անցյալ տարի ու դեռ ավելի առաջ ջաղացպանը վեճի էր բռնվել։ Նա հիշում էր ում հետ ինչ խոսակցություն է ունեցել։ Զեյթա գյուղի մոլլայի հետ քանի անգամ էր վեճի նստել ու նրան նեղը գցել, համոզելով, որ աստված ամեն բանի մեջ կա, նույնիսկ ծառի փչակում։ Մոլլան երկյուղում էր, երբ ջաղացպանը մատը մեկնում էր ծառի փչակին։ Եթե Դերվիշ Հյուսեյնը գար, Անդրին նրան կամուրջի մոտ տեսնելուց նույնիսկ առաջ էր վազում, թևից բռնած բերում, նստացնում, քեֆ հալ հարցնում։ Դերվիշը չէր տրտնջում, երբ ջաղացպանն իր աղունի հերթն ուշացնում էր։ Երկուսի զրույցը երբեմն մինչև լուսաբաց էր տևում։ Դերվիշն էլ աշխարհի և մարդկանց մասին ջաղացպանի նման էր մտածում, նրանցից յուրաքանչյուրը տարբեր ճանապարհներով խլուրդի պես համառորեն փորելով, փորփորելով հասել էին նույն բարձրության, որից շատ հարմար էր դիտել իրերն ու դեպքերի ընթացքը։

Երիտասարդ օրերի բուռն ցանկությունը՝ իմանալու, թե որտեղ է վերջանում աշխարհը, նրա հետ պատահած դժբախտությունը, ջաղացը և այն բազմաթիվ մարդիկ, որոնք գալիս էին, գնում, որպեսզի մի օր էլ նրանցից մեկնումեկր չգա և մյուս եկողները ջաղացպանին պատմեն, թե ինչից նա մեռավ, ծեր ընկուզենիները, որ ամեն գարնան տերևակալում էին, պտղակալում և ուշ աշնանը դողալով տերևաթափ լինում, Մարցա ջուրը, որ գարնանը ուռչում էր, ափերից դուրս գալի, իսկ ամառը բարակում այնքան, որ հորթերն էլ էին անցնում,− այս ամենը մի՛ խորհուրդ ունեին, մի՛ ներքին իմաստ, որ ոչ միայն վաղուց ծանոթ էր նրան, այլև ինքը մերվել էր այդ իմաստի հետ։ Վարարում է գետը, հետո բարակում, ձմեռը սառչում է, սառույցի տակ մռռում... Ինքն էլ ջահել էր, հիմա աշնան գիշերներին ցուրտ էր զգում և դուրեկան է կրակը, ընկուզենիներն էլ են դողում։ Ոչինչ չկա սարսափելի, ո՛չ ծանր կսկիծ և ո՛չ անսահման ուրախություն։ Շատ կածաններ կան, բայց մի լայն ճանապարհ կա և բոլոր կածաններն էլ վերջ ի վերջո գալիս են միախառնվում այդ ճանապարհին, ինչպես Այրումի առուն Մարցա ջրին– Մարցա ջուրն էլ ով գիտե որ մեծ գետին։

* * *

Այսպես էին ապրում Կարմրաքար գյուղում։

Ունեին մի եկեղեցի և մի Տեր Նորընծա, որ այդ եկեղեցու մասին պատմում էր, թե նա կառուցված է հին տաճարի ավերակների վրա և ջեյրանի կաշվից կազմած գրքից վկայություն բերում, որ դարեր առաջ «հագարացոց աշխարհից» իրենց պապերը Մարցա ջրի ընթացքով հասել են մինչև գյուղի տեղը, անտառը կտրատել, շքել՝ այգի և անդաստան։ Խաղաղ այդ պատմությունը երբ հասնում էր Կարմրաքարի առօրյային, դառնում էր խճճված և շատ մութ։ Համարյա անլուծելի առեղծված, որի մասին ոչինչ չի ասել ոչ այն վարդապետը և ոչ էլ Կարմրաքարը տեսած մի ուրիշ մարդ։

Տեր Նորընծան, երբեմն, մանավանդ այն ժամին, երբ երեկոյան արարողությունն արագ վերջացնելուց հետո Ավան ամու հետ մոտենում էր Բոլոր-քարի շուրջը նստածներին,— հեզ էր և հանդարտ, եթե զրույցը թեթև էր և սահում էր, ինչպես ձյունի գնդակը սառույցի վրա: Բայց այդ