Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/433

Այս էջը հաստատված է


խաղաղությունը պղտորվում էր, երբ հանկարծ մի հարց էր ընկնում մեջտեղ։ Օրինակ՝ մեկը պատմում էր, որ հարևանի տանը նամակ են ստացել իրենց որդուց և ահա ծայրը բացվում էր, կծիկը ետ էին տալիս... խոսակցությունն սկսվում էր այն քաղաքից, որտեղից նամակ է եկել, հետո անցնում նամակ գրողին և վերջապես Ավան ամին ձևակերպում էր.

— Մի խոսք՝ Կարմրաքարն ապրելու տեղ չի, էստեղ ապրելն էլ հարամեց:

Խոսակցությունը այդ կետին հասներ թե չէ, Տեր Նորընծան կամ շոյում էր ծալ-ծալ մորուքը և թազբեհը խաղացնում ոսկրոտ մատների արանքում և կամ փնտրում էր թամբաքուի ամանը փարաջայի երկար ու խոր գրպանների մեջ և չգտնելով, տնեցոց հասցեին թոնթորալով կողքին նստողից խնդրում էր թամբաքու:

Նրան հաճելի չէին այդ խոսակցությունները և ոչ էլ այն հարցերը, որ տալիս էին իրեն։ Ո՞րտեղից գիտենար Տեր Նորընծան, թե ինչ է լինելու Կարմրաքարի վերջը, մինչև ե՞րբ, ինչպես Ունանն էր ասում, «տարին տասներկու ամիս քարի քոլի հետ կռիվ տաս, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք».... Այդ մասին ոչ «Սրբոց վարքի» մեջ կար գրված և ոչ էլ ինքն էր կարողանում պատասխանը գտնել։

Իհարկե, Տեր Նորընծան չէր լռում։ Մեկին համոզում էր, թե ամեն տեղ են մարդիկ այդպես ապրում, ջաղացպան Անդրու հետ համաձայնվում էր, որ Կարմրաքարի դառը կյանքը վերուստ ուղարկած պատիժ է, երրորդին մխիթարում էր և հոգոց քաշելով հայտնում, որ վերջ ի վերջո հողն է մարդուն պարտակելու, «հող էիր և անդրեն հող դարձար»...

Բայց ինքն իր հետ մնալուց, երբ հաշիվ էր տալիս, թե ինչ փոփոխություններ են կատարվել ծուխի մեջ, տեր հայրը սոսկում էր և դողացող մատները մեկնում թամբաքուի տուփին։ Իր մանկությունն էր հիշում... Լիություն կար, աղքատը քիչ էր, ամեն ինչ տանից էր դուրս գալիս։ Եվ ինչպե՞ս եղավ, որ գետափի մարագներում մարդիկ բնակություն հաստատեցին... Առաջ այնտեղ խոտ ու դարման էին լցնում։ Ու մի որ էլ գյուղում «հայաստանցի» մի գաղթական եկավ իր մոր հետ: Ինքը դեռ ջահել քահանա էր, տերտերակինը առաջնակով ծանր։ Մի քանի ամիս գաղթական Նազարն ու մայրն ապրեցին իրենց տան ներքին հարկում, հետո խնդրեցին մի մարագում տեղ տալ։ Մարագները դեռ կանգուն էին։ Եվ այն օրից մարագների թաղը կոչվեց Ղարիբանոց։ Շալուն Սիմոնի հայրը հիվանդ էր, պարտքատերը եկավ հիվանդի տակից կարպետը քաշեց, եղած պղինձները հավաքեց, մի հորթ էլ ունեին, այն էլ