Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/435

Այս էջը հաստատված է

Ոմանք հարստանում էին, ոմանք աղքատանում։ Հարստացողը մի աչք ավել էր տուն շինում կամ մի կտոր հող առնում, զույգ եզը դարձնում երկու-երեք, ընկնում էին, բարձրանում: Մեկը մյուսին ոտնատակ էր տալիս: Կռվում էին, գլուխ ջարդում, պատահում էր, որ մարդ էին սպանում։ Ոմանք ուրիշ քաղաքներ էին գնում վաստակի և այդ վաստակը, որպես հնչուն արծաթ, քանդում էր, խարխլում այն, ինչ սպասում էր թեթև շնչի՝ փլչելու համար:

Ավան ամին էլ էր տեսնում, որ Կարմրաքարը փոխվել է։ Նա հիշում էր այն, ինչ եղել է և համեմատում էր առօրյայի հետ: Նրա համար պարզ էր այն ճանապարհը, որով Կարմրաքարը եկել էր և հասել այդ առօրյային։

Ի՞նչ էր այդ հինը... Սամովար չկար, մարդիկ չգիտեին, թե ինչ է թեյը... Եկավ խոլերի տարին, փախան, պահվեցին անտառի խորքերում: Առաջ մարդիկ ղադաք էին հագնում, կանայք՝ դարայի: Մարցա ձորը մի անանց անտառ էր, հիմա քարերը երևում են... Հեղեղը սրբել է հողն էլ, արմատներն էլ։ Տեր Նորընծայի հայրը երեխաներին սովորեցնում էր «Ութ կանոն սաղմոս»։ Կխտորից թանաք էին շինում և փետուրե գրիչներով հաստ թղթի վրա ընդօրինակում ժամագրքի գլխատառերը... քաջքուտ մարդ էր Տեր Նորընծայի հայրը, աշակերտի մատներն իրար էր հավաքում, երկաթ օղ հագցնում և մատների ծայրին հոնի ճիպոտով այնքան ծեծում, մինչև արնոտեին: Մի անգամ էլ Ավան ամու եղունգը պոկ եկավ:

Այն ժամանակ քաղաքը մեծ չէր, դերձակը դուքան չուներ, ձեռքին ասեղ էր, մի մկրատ, տնետուն ման էր գալիս, և՛ աշխատում, և՛ տանն էլ հաց ուտում։ Երեք օրում մի արխալուղ էր կարում։ Քաղաքում մի քանի դուրգար կային և ներկարար, բայց դուքանդարը շատ էր: Թավրիզից ուղտերի քարավանով ճոթ ու կտոր էին բերում, շիլեյի, գյուղի աղլուխ, շաքարը փափուկ էր, մի քիչ դեղին... Հիմա Հիբանի որդի Մկրտումի խանութում տասը փութով էլ կարելի է շաքար առնել և այն էլ լավը, կապույտ խալերով, շուտ չհալվող... Նրանք հիմա շիլեյ չեն ծախում, ուզող չկա՞

Առաջ նեղ կածան էր, բայց քա՜նի֊քա՜նի մարդ ծեծեցին ու կածանը մի քիչ լայնացավ, ճանապարհ շինվեց մինչև քաղաք: Իսկ ի՞նչ է դառել այդ քաղաքը, ինչ տնե՜ր, ինչ խանութնե՜ր, ո՞ւր է առաջվա դերձակը, որ մկրատը թևի տակ տնետուն էր ման գալի։ Ճանապարհը բացվեց, Կարմրաքարից շատ մարդ դուրս գնաց: Եվ Ավան ամին մտքում