Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/436

Այս էջը հաստատված է


մեկ-մեկ հաշվում էր նրանց, որոնք հեռացել էին գյուղից։ Տասներկու հոգի Բաքու են, Ծատուրի թոռը Պետրպոլկ է լինում:

Ավան ամին այդ իրադարձությունների մեջ աշխատում էր կարգ սահմանել, գտնել մի ձող, որի վրա կարելի լիներ դեպքերը քաշել: Նա լավին էր սպասում ու միտք էր անում, թե ինչպես պիտի գա այդ լավը: Երբեմն մտածում էր, որ ուսումով մարդկանց թիվը ավելանում է և համոզված հայտարարում էր, որ ճանապարհը ուսումով առածները պիտի քաշեն, երբեմն կասկածում էր և ավելի ճշմարիտ համարում այլ ուղի։ Իրենք գյուղից դուրս պիտի գա աստղով մի մարդ և ամեն գյուղից պիտի հավաքվեն աստղով մարդիկ, խելք-խելքի տան։

− Էնպես պլան քաշե՜ն, Անդրի,− ասում էր նա ջաղացպանին, երբ սրտնեղում էր մենակությունից և գնում էր նրա հետ զրուցելու։− Էնպես ամեն ինչ իր տեղը գցե՜ն, որ մնաս զարմացած... Թե չէ էսպես ո՞ւր կհասնենք... Մարդիկ իրար միս կուտեն։ Հրեն էսօր վարժապետն էր ասում, թե Հնդըստանում չեմ իմանում ո՞ր քաղաքում, իրար մեշ ժերբ են գցել, թե ո՞ւմ ուտեն։

Գյուղ վերադարձող երիտասարդին նա գալու մյուս օրը պիտի տնտղեր, ծանր ու թեթև աներ, հարցուփորձ՝ տեսածից ու լսածից, և հայտներ իր կարծիքը՝ կամ մեջը փուչ է (այդ դեպքում նա պիտի ասեր, թե ո՞ւմ կողմն է քաշել) և կամ տարակուսանքով եզրակացներ, որ դեռ խակ է, սերմը չի բռնել։

Երբեմն էլ հուսահատվում էր, հուսահատությունից չարանում ու չարությունը, որպես մաղձ, թափում աշխատանքի ընթացքում։ Ինչ գործ էլ աներ, արագ էր կատարում, չէր խոսում, գանգատվում էր բոլորից։ Նրա բարի դիմագծերն էլ էին փոխվում, կապույտ աչքերը փոքրանում էին, ներս քաշվում, մարդիկ ուրիշ կերպ էին երևում աչքին։ Այդ օրերին նրա դեմքին չէր երևում այն ժպիտը, որ լուսավորում էր նրա երեսը, լուսեպսակ կազմում սպիտակած գլխի շուրջը:

Նրան թվում էր, թե կյանքը խեղդ է, մի նեղուստ, ճիշտ այնպես, ինչպես ջաղացի կամուրջի տակ... Երկու կողմից բարձր ու կապույտ ժայռեր ու մի ժայռ այնքան է կռացել ջրի վրա, որ ալիքները գալիս են ու դեմ առնում և ինչ որ բերում են՝ տերև, ճյուղ, խոտ,− այդ ամենը պղտոր փրփուրի հետ դեմ է առնում ժայռին... ջուրը քարի տակով անցնում է, իսկ փրփուրն ու տերևը, ճյուղը, խոտը մնում են, պտտվում, պտտվում, իրար վրա դարսվում, մինչև քամին կամ ջրի թափը նորից շպրտի քարի վրա։ Գուցե կյանքն էլ այդպես է... Իզուր տեղը պտտվում են, իրար միս կրծում: