Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/437

Այս էջը հաստատված է

Այդ օրերին նա չիբուխը միշտ թեժ էր պահում, մատը կրակի վրա նստում էր տան առաջ, երբ մութն ընկնում էր: Նայում էր խավարին, լսում էր ինչ-որ ձայներ, մարդու, կովի, շան, դիտում էր գյուղը, մինչև թանձր խավարը ծածկեր ամեն ինչ, հանդարտվեին ձայները, կրակները մարեին ու միայն խավարի մեջ վշշար Մարցա ջուրը։

2

Խոջա Հիբանի տունը, կամ ինչպես Կարմրաքարում ասում էին, ամարաթը գտնվում էր գյուղի վերի թաղում, մի փոքրիկ բլրակի վրա, որ գերեզմանատան թմբից բաժանվում էր բարակ ձորով։ Տան հետևով անցնում էր Քառասնաջրի անտառը տանող ճանապարհը, որ հենց տան մոտն էլ ծռվում էր և կորչում ծառերի արանքում։ Եվ ձմռան լուսնկա գիշերներին գայլերն առանց վախի ոռնում էին տան բարձր պատերի տակ և ոտնաձայն լսելուց մի ոստյուն անում ու կորչում անտառում։

Հիբանի ամարաթից վերև տուն չկար, իսկ ներքև՝ դեպի գյուղի գլխավոր փողոցը, որ միևնույն ժամանակ և քաղաք տանող ճանապարհն էր Կարմրաքարից հյուսիս ընկած գյուղերի համար,– նրա որդիների խանութն էր։ Տնից խանութ գնացող կածանը կեռմաններով իջնում էր, անցնում բարակ ձորակն ու միանում փողոցին։

Կարմրաքարի շինությունների մեջ Խոջա-Հիբանի տունն իր մեծությամբ և նստվածքով ետ էր մնում միայն եկեղեցուց: Տան չորս բոլորը բարձր և ամուր պարիսպն էր, որի գլխավոր դուռը նայում էր գյուղին, իսկ փոքր դուռը բացվում էր անտառը տանող ճանապարհի վրա։

Պարսպի տակ ցածր կտուրով, զանազան կառուցվածքներ էին՝ գոմ, մարագ, ախոռներ, փարախ, ամբարներ և այլն։ Այդ ամենը միանգամից և միակերպ չէր շինված։ Գլխավոր դռնից մտնողը պիտի անցներ աջ ու ձախ ընկած շինությունների միջով, հասներ փոքրիկ հրապարակին, որի կենտրոնում, ճիշտ դռան դիմաց, նրանց երկհարկանի տունն էր։ Երկրորդ հարկի քարե սանդուղքը բակի կողմից է, ներքին տան պատուհանի դիմաց: Դրա համար էլ ներքին տան նստողը կարող էր տեսնել, թե ով է իջնում և բարձրանում սանդուղքով։

Թե տունը և թե մնացած շինությունները Խոջա Հիբանի օրոք էլ կային։

Իսկ ավելի առաջ նրանք ապրում էին ներքին տանը, որի ծխից սևացած օճորքի հաստ գերանները այն ծառերից էին, որ հենց ալդ բլրակի գլխին էլ բուսել էին և կտրված էին այն ժամանակ, երբ «հագարացու աշխարհից» եկել էին Կարմրաքարի նախահայրերը։ Հիբանն