Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/439

Այս էջը հաստատված է

կպցրած սանադը... «Վկա եմ... վասն անգրագիտության և խնդրանոք նորա սույն արքը հաստատեմ և արքունական կնքովս դրոշմեմ...»։ Կարդում էր որդին, իսկ հայրը վիզը թեքած լսում էր, աչքերը ճպճպացնում, սեղմում էր աչքերը, ասես արցունք կա, որ հիմա պիտի քամի, աչքերի չորությունը մեղմի։ Վեհ և պատկառելի էր նրա դեմքը այդ վայրկյաններին։ Կարծես մահվան վճիռ էին կարդում։ Եվ թեկուզ վճիռը թելադրել էր այդ ծերունին, նրա դեմքին նայողը կմտածեր, թե նա զղջում է ու սիրտը ցավում է։

Պարտաթուղթը կարդալուց հետո Հիբանը փակում էր սնդուկը, թուղթը մոտեցնում եկողին ու մի խոր հոգոց քաշում: Այդ հոգոցից հետո պատկերը փոխվում էր։ Հիբանի աչքերն էլ չէին ճպճպում այլ բացվում էին, անթարթ սևեռում նորեկի սեղմած բռունցքին: Սկսում էր հաշիվը: Ամեն մի կոպեկը տնտղում էր, նայում գրին ու նշանին: Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում, բութով և ցուցամատով տրորում, մի քանի անգամ հարցնում.

− Հո ղալբ չե՞ն... Մկրտո՜ւմ... Անունդ քարին գրեմ, մի տես, իմ աչքերը լավ չեն ջոկում, տես նշանը տեղն է...− ու մինչև Մկրտումը թղթադրամի վրա կգտներ հոր ուզած նշանը, խոջան սրտնեղած ասում էր,− ափսոս չի ոսկին... մաքուր հաշիվ, ոչ ծալվել ունի, ոչ կեղտոտվել: Է՜... Խեր բարաքյաթը կորա՜վ, հազար...-ից փող են կտրում, ամոթ չլինի ասել:

Իսկ դիմացինը ամեն մի դրամի համար մի պատմություն է անում, պատմում, թե սպիտակ աբասին ումից է ստացել, ինչքան է խոտ հարել նրա դիմաց, թե հինգանոցն իր մոր հոգապահուստն է, որ ստացել է հարսանիքի օրը հորից։

− Հա՜, հա՛... Ողորմած հոգին լավ մարդ էր։ Ա՜յ փուչ աշխարհ, փուչ էլ կմնաս: Դե նայի՜, նայի՜... Էս ոսկին ու հիմիկվանը մին ե՞ն:

Փողերը ստուգելուց հետո Հիբանը սկսում էր հաշվել։ Եթե գումարը մեծ էր, գրպանից հանում էր թազբեհը և հատիկները գլորելով համարում, իսկ եթե փոքր էր, նրա հաշվելու ձևը հասարակ էր:

− Վեց աբասի, էս էլ տասը շահի, էս էլ վեց շահի, տասնվեց շահի։ Էս երկու մանեթ, էս էլ հնգանոցը, չէ՜, քեզ մատաղ... Դու էլ միաղ պահի, որ չսխալվեմ... Հարամ կոպեկ իմ փողին ես չեմ խառնի,– և հանկարծ դառնում էր որդուն.

− Ի՞նչքան էր գրածը:

− Տասնչորս մանեթ։

− Հիբան աղա, բա խոտի վարձը,– վախվխելով ասում էր գյուղացին