Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/44

Այս էջը հաստատված է
* * *

Մյուս օրը գյուղում ամենքն իմացան, որ Վանդունց Հաբուդը տուն է եկել։

Շատերն ուրախացան, Հաթամի աղջկան շտապեցին աչքալույս տալ։ Բայց Իսանանց տղան, պիսիրը, մինչև անգամ գզիր Զաքին չուրախացան։

Իսանանց տղան նրանց ասում էր, որ Հաբուդը բոլշևիկ է դառել, նա գյուղում խառնակչություն պիտի անի, ջուրը պիտի պղտորի։ Եվ գզիր Զաքուն անմիջապես հանձնարարվեց հետևել, թե ում հետ է լինում Հաբուդը, ուր է գնում, ինչ է անում։

Առիթը շուտով ներկայացավ։

Գյուղում մի ժողովի ժամանակ, որին ներկա էր և վարժապետ Մինասը՝ քաղաքի կոմիտեն, Հաբուդը մի քանի խոսք ասեց Իսանանց տղի հասցեին։

Ժողով էին արել, որ տուրք նշանակեն քաղաքի կոմիտեի համար։ Վարժապետ Մինասը ճառ էր ասում, թե հեղափոխությունը վտանգվում է, գերմանացիք կաշառք են տվել բոլշևիկներին, որ ռուսաց զորքը քանդեն։ Հարկավոր է բանակը զորացնել, կյանքը զոհել հայրենիքի համար։

− Մեկը ես՝ պատրաստ եմ, երբ ինձ հրամայեն, թողնել տուն ու տեղ, գործ ու պաշտոն, գնալ կամավոր։

Այսպես էր ասում վարժապետ Մինասը և ճառում, կոկորդը պատռում, կուրծքը ծեծում, ձեռքերը քամու ջաղացի թևերի պես շարժում օդի մեջ։

Իսանանց մեծ տղան էլ խոսեց, թե պետք է ազգային տուրքը տալ, այդ սուրբ պարտք է, և ավելացրեց, որ խառնակիչ մարդկանց էլ գեղի միջից պիտի հեռացնել։ Գյուղում մի քանի դեզերտիր տղերք կան, որոնց պիտի բռնել և քաղաք ուղարկել, թող թշնամու դեմ կռիվ գնան։

− Իսկ դո՞ւ երբ պիտի գնաս,− տեղից կանչեց Հաբուդը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր և զայրույթից շրթունքը կրծոտում։

− Ձենդ, շան լակոտ,− որոտաց էն կողմից պիսիրը ու գզիրին աչքով արեց, որ վրա պրծնի։ Եվ մի քանի տղերք, պիսիրի մարդիկ, վրա պրծան, որ ծեծեն, բայց Հաբուդն իզուր չէր մնացել ճակատում։ Մի երկու հատ աջ ու ձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին և հեռացրին ախոյաններին։

Հաբուդը հեռացավ ժողովից, տուն գնաց, մորը հանգստացրեց և գիշերով, երկու հավատարիմ ընկերոջ հետ, դուրս եկավ տնից դեպի քաղաք, մորը պատվիրելով, որ ոչ մի մարդու բան չասի, ինքը գալու է էգուց։