Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/440

Այս էջը հաստատված է

և հիշեցնում, որ պարտքի դիմաց անցյալ տարի երկու օր նրա համար խոտ է հարել։

− Խո՞տս որն է,− հոնքերը կիտում էր Հիբանը,− էն թո՛ղ... Խոտը ջոկ, փողը ջոկ, խալխի ձիերը խոտը կերել են, ես պիտի շարման քաշե՞մ... Եմ փողը պետք է թամամ լինի։

− Ախր...

− Է՜հ, դե հաշիվը մի խառնի է՜... Էս տասնըմին մանեթ վեց շահի... Մկրտում, միտդ պահի... Էս երկու աբասի, տասնչորս կոպեկ, տե՜ս, տե՜ս, էս շահանոցի գլխին ինչ օին են խաղացել... Ասա, շան որդի, փողը ոսկո՞ր է, որ կրծել ե՜ք...

− Հիբան աղա, երեխեքն են...

− Պա՜, պա՜, պա՜... Երեխու ձեռը փող չդնե՜ս, տունդ կքանդես։ Հրես տես, պսակելու եմ էս աշունքը, իրա օրումը ջեբը մի քոռ չեթ էլ չի տեսել... Վախտը կա, ամեն բանի ժամանակը կա... Մեռնելուց հետո թող տիրություն անի... Մկրտո՛ւմ, ինչքա՞ն եղավ, զրուցով ընկանք։

− Տասներեք մանեթ վեց շահի։

− Հիբան աղա, դե մնացածն էլ բաշխի, երեխատեր եմ. տանը հիվանդ ունեմ, ուզում եմ մի գուշ ոսպ առնեմ։

− Չէ՛ չէ՛, թափ տուր, ջեբդ թափ տուր։ Ես ո՞վ եմ, որ փողի հետ խաղ անեմ։ Ուզում ես ինձ էլ, քեզ էլ խայտառակ անե՞ս։

− Հիբան աղա, մեր հարսը մի քանի օր բուրդ է լվացել ձեր տանը, նրան էլ է խղճացիր... Շաբաթից ավել է ճրագ չենք վառել։

− Դե բավական է էլի՜,− ձայնը բարձրացնում է Հիբանը.–ես էլ չեմ ճրագ վառում... Լուսով հացդ կեր, տեղերդ մտի... Քեզ վեց շահի, նրան մի մանեթ։ Ես շահի խազնադարը չեմ։ Ջեբդ թափ տուր... Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում։ Ուզո՞ւմ ես էլի ետ տամ, թազա սանադ սարքենք... Թքած փողի վրա. դու մարդու լավությունն ասա... Փողն ի՞նչ բան է, քեզ պես մի մարդու հետ նստելը, վեր կենալը հազար մանեթի թայ չեմ անի...

Եվ թաշկինակի ծայրին կապած երկու արծաթը գյուղացին հանում էր, լրացնում պարտքն ու տոկոսը, որից հետո Հիբանը սանադը միջից երկու էր անում, կտորները տալիս նրան և ստիպում, որ նա էլ մանր կտորներ անի։ Ապա հավարում էր կտորները, լցնում նրա բռի մեջ։ Երբ վեր էին կենում, Հիբանը սնդուկը բուխարու մեջ տեղավորելուց հետո դառնում էր գյուղացուն։

− Գնո՞ւմ ես... Մնայիր, էն թազա սամովարից մի չայ կխմեինք։ Հա, լավ ես ասում... Գործի ժամանակ է, գնա, գնա բանիդ։ Չայը թամբալ