Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/441

Այս էջը հաստատված է


թուրքի բան է։ Է՜, քեզ նման ջան ունենայի, մի տարում երկու տուն կսարքեի... Ի՞նչ ես էդպես խեղճացել։ Աստված կռներիդ ուժ տա, էլի կամ, մի վախենա։ Էս փողն ո՞ւմ համար է։ Թե հարկավոր լինի, արի՛... Հալալ մարդու համար իմ դուռը բաց է,− և ձեռքով մի քանի անգամ փափուկ զարկում էր նրա թիկունքին, ճանապարհ դնում։

Հենց հյուրը գնար թե չէ, Խոջա-Հիբանն սկսում էր զայրանալ որդու վրա։ Մի առիթ միշտ կգտներ. կամ ուշ էր եկել, կամ կարդալուց կմկմացել էր և կամ գումարը պարզ չէր ասել։

− Էսքան թուք ու մուրն ո՞ւմ համար է... Դու որ մեծն ե՜ս, էդպես ես, բա էն փոքրին ի՞նչ օրինակ ես լինելու։ Շան ծիծ ես ծծել, ես քո խրատողի... Կորի՛, աչքիցս հեռացի։

Խոջա-Հիբանն ագահ էր ամեն ինչի հանդեպ։ Կես գիշերին հանկարծ տեղից վեր էր կենում և թեկուզ լուսանալուն շատ կար, զարթնեցնում էր տնեցոց, ծառաներին ստիպում, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։

− Արջերն էլ են շատ քնում... Ասենք տեղներս ծմակ է, ուրեմն պետք է արջաքուն տա՞ք...

Տնեցիք վեր էին կենում, մեկը քնաթաթախ երեխաներին էր հագցնում, մյուսը ծառաների համար կերակուր պատրաստում։ Իսկ ինքը թամքած ու տան սյունից կապած ձին նստում էր գնում կամ հարևան գյուղը ապառիկն առնելու մեկից, կամ բուրդի կանխավճար տալու, կամ գերաններ պատվիրելու, որպեսզի մի շաբաթվա ընթացքում, գյուղական աշխատանքի թեկուզ եռուն ժամանակ, մի քանի հարյուր գերան եզներով քաշել տա և Կարմրաքարի կածաններով տանի քաղաք։

Խստաբարո մարդ էր Հիբանը։ Նրա մասին գյուղի պառավներն ասում էին, թե աչքը չար է։ Եթե երևար փողոցում, նրանից ավելի տարիքավոր կանայք անգամ տեղից վեր էին կենում և դռան հետևը պահվում՝ մինչև անց կենար։ Շատ կանայք երեխաներին էլ էին տանում, իսկ անցնելուց հետո նորից էին դուրս գալիս։ Մի տղամայր անպատճառ պիտի կռանար, մի քար շրջեր՝ նրա չար աչքի դեմ։

Խոջա-Հիբանի մասին գյուղի կանայք զանազան լուրեր տեղեկանում էին նրա կնոջից, երբ գնում էին նրանց համար բուրդ լվալու, գզելու, կարպետներն ու գորգերը թափ տալու, հաց թխելու։ Կինը չէր քաշվում և ընկեր հարևանին ցույց էր տալիս իր մարմնի կապտած տեղերը։ Ծեծն ու նախատինքը նա անտրտունջ տանում էր և միայն բավականանում էր իր ցավը ուրիշներին պատմելով։ Ամուսինը գիտեր այդ, գիտեր և լռում էր։ Նա իր հաշիվն ուներ։ Հիբանը գիտեր, որ կինը